Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/231

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ մադամներ են դրանք, որոնց կարելի է շոյել,— հարցրի։

— Ո՞վ է իմանում, երևի Եվրոպայից անառակ կանայք փոխադրող է. Ամերիկայում ֆրանսուհիները շատ են փնտրվում։ Ամեն միջոցով փող են աշխատում այս սրիկաները։

Սկսեցի մտածել, բայց չկարողացա ոչ մի եզրակացության գալ, երբ Բրեմըրը և Բալթաճիսը ներս եկան։

— Լավն են, շատ լավն են,— ասաց Բալթաճիսը և նստելով մեր մահճակալների վրա՝ հարցրեց.— ո՞ր տեղից ձեռք բերիր։

— Ֆրանսիայից,— պատասխանեց Բրեմըրը,— բայց թանկ են, չգիտեմ, թե Ամերիկայում կհաջողե՞մ թե ոչ, ծախսը մեծ է։

— Շարունակենք խաղալ,— առաջարկեց Բալթաճիսը։

Ես չպատասխանեցի, բայց նշմարեցի, որ Պրոդոբոբոբոբոլոսը հուզվեց և չկարողանալով համբերել աղաղակեց.

— Ես հրաժարվում եմ կանանց միջնորդների հետ քարտ խաղալ, առավոտյան կխնդրեմ նավապետից փոխել իմ կաբինը։

— Բանն ինչո՞ւմն է,— զսպված տոնով հարցրեց Բալթաճիսը։

— Ես զզվում եմ, երբ մարդիկ Եվրոպայից աղջիկներ են փոխադրում Ամերիկա՝ փող վաստակելու համար,— ասաց Պրոդոբոբոբոբոլոսը։

— Ի՞նչ աղջիկներ, ի՞նչ եք խոսում, բացատրեցեք։

— Ապա ի՞նչ մադամներ են, որոնց այս մարդը փոխադրում է Ամերիկա։

Բալթաճիսը և Բրեմըրը սկսեցին լիաթոք և անճոռնի ծիծաղել։ Բրեմըրը հազիվ կարողացավ հասկացնել, որ այդ մադամները էգ շներ են, որոնց Բրեմըրը տանում է Ամերիկա՝ խառնելու ամերիկյան ուրիշ շնային ցեղերի հետ։

Պրոդոբոբոբոբոլոսի բարկությունն իջավ, ամաչեց, ժպտաց, ձեռքը երկարեց Բրեմըրին և անկեղծությամբ, խոր, շատ խոր անկեղծությամբ, ներողություն խնդրեց։

— Դու լավ մարդ ես,— պատասխանեց Բրեմըրը, ներում եմ և ուրախ եմ, որ քեզ հանդիպել եմ իմ կյանքում։