Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/235

Այս էջը հաստատված է

— Չէ՞ որ մեր ետևը Հունաստանն է. երբեք չեմ ցանկանում վերադառնալ Հունաստան, մինչև անգամ հայացքով։

— Ես ձեզ բոլորովին չեմ հասկանում,— ասացի, բացատրեցեք ինձ ձեր ատելությունը դեպի Հունաստանը՝ ձեր հայրենիքը, արվեստի և փիլիսոփայության հին հայրենիքը։

— Արվեստի և փիլիսոփայության... հը,— ցավագին ծիծաղեց Պրոդորոբոբոբոլոսը,— ի՞նչ արվեստ, ի՞նչ հայրենիք, այնտեղ հազարավոր ավազակներ կան, որոնց գլխավորներն են Վենիզելոսը և Կոստանդին թագավորը, ուրիշ ոչինչ։

— Խնդրում եմ՝ բացատրեք։

— Գնանք քարտ խաղանք,— վերջացրեց նա։

Կամրջակի վրա մենք հանդիպեցինք Բրեմըրին և Բալթաճիսին, իջանք կաբինը և շարունակեցինք քարտ խաղալ։

Խաղի ընթացքում Բրեմըրը և Պրոդոբոբոբոբոլոսն սկսեցին իրար հետ կռվել։

— Դուք փաս ասացիք,— պնդում էր հույնը։

— Ես փաս չեմ ասել,— պնդում էր իռլանդացին։

— Դուք ստախոս եք,— գոռաց հույնը։

Իռլանդացին քաշեց ջրի շիշը և մոտ էր հույնի գլխին իջեցնելու, երբ ես և Բալթաճիսը բռնեցինք։ Բալթաճիսը խոստովանեց, որ փաս ասողն ինքն է եղել, ես էլ հաստատեցի։ Պրոդոբոբոբոբոլոսը հավատաց, ձեռքը երկարեց Բրեմըրին, ժպտուն և խեղճացած հարեց.

— Եղբայր իմ, ներողություն եմ խնդրում։

Բրեմըրը անկեղծ և խոր բավականությամբ ժպտաց, բռնեց իրեն երկարած ձեռքը, ուժգին սեղմեց և ձախ ձեռքով էլ թափ տվեց նրա ուսը։

— Լավ, լավ, շարունակենք,— ասաց։

Մենք շարունակեցինք խաղը։

Խաղի ընթացքում Բալթաճիսը ծաղրում էր Պրոդոբոբոբոբոլոսին։

— Դու ո՞վ ես, որ Հունաստանի արժեքը, մեր փառապանծ հայրենիքի արժեքն իմանաս,— ասում էր։

— Ես քո հայրենիքի ամբողջ կշիռը գիտեմ,— պատասխանում էր Պրոդորոբոբոբոլոսը և մի «թագավոր» խփում սեղանին,