Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/238

Այս էջը հաստատված է

վրա։ Նա դողում էր, դողում էր՝ ինչպես մի բանից վախեցող մանուկ, որ չի ուզում իր վախն զգացնել։ Առանց տատանվելու մոտեցա նրան, բռնեցի ձեռքը և ուժգին սեղմելով՝ հարցրի.

— Ինչո՞ւ եք լաց լինում, ի՞նչ պատահեց։

— Շատ բան է պատահել,— հազիվ մրթմրթաց այդ բարի և միամիտ հույնը։

— Ասացեք, ի՞նչ է պատահել։

— Շատ բան, շատ բան,— պատասխանեց ինձ Պրոդոբոբոբոբոլոսը և իմ ձեռքից բռնած՝ տարավ նավեզրը, ուր մարդ չկար կանգնած։

— 27 տարի եմ ապրել այս սարսափելի քաղաքում,— սկսեց նա։— Պատանի էի, որ Ամերիկա եկա առաջին անգամ։ Երկրում կորցրել էի ծնողներիս, քույրս ամուսնացել էր։ Սարսափում եմ հիմա 27 տարվա հիշողությունից։ 27 տարի առաջ ես եկա Նյու-Յորք պարտքով, առանց որևէ ծանոթի, առանց անգլերեն մի բառ գիտենալու։ Առաջին անգամ աշխատանք գտա սառույցի ընկերության մեջ։ Ամբողջ վեց տարի, ամեն առավոտ, պարտական էի վեր կենալ ժամը 4-ին և սկսել կառքի միջից մեծ կտոր սառույցները երկաթե ճանկերով բռնել, նետել կռնակիս վրա՝ Արևելքի մշակների նման և բաժանել բնակարանները մինչև ժամը 12։ Շաբաթական ստանում էի 6 դոլլար, 6 դոլլարից մի գումար էի ավելացնում պարտքերս վճարելու և մնացածով ապրում։ Ապրում էի ավելի վատ, քան որևէ անասուն, նկուղում, օրերով առանց տաք կերակրի։ Սառույցի ընկերությանը ծառայեցի ամբողջ վեց տարի, և շաբաթականիս վրա միայն 50 սենտ ավելացրին։ Վեցերորդ տարվա մեջ մի օր, երբ ժամը 3-ին զարթնեցի պատրաստվելու և գնալու, զգացի, որ ոսկորներս ցավում են. շարունակեցի հագնվել, բայց գտա, որ անկարելի է գործի գնալ. մնացի սենյակում և չկարողացա գործի գնալ ամբողջ տասն օր։

Տասն օրից հետո երբ գնացի, ինձ հանել էին բանվորների ցուցակից. գլխիկոր վերադարձա, մի քանի շաբաթ անգործ մնալուց հետո՝ գործ գտա մի երկաթագործարանում, շաբաթական երեք անգամ ավելի վարձով, քան սառույցի ընկերության