Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/241

Այս էջը հաստատված է

հայրը, նրա քաջագործությունները պարտված բանակում, ապա և նրա պլանտացիաների անսահման տարածությունը և քաղաքացիական պատերազմով իր հոր կալվածատիրական տնտեսության ավերումը։ Երբ մր. Ռիգզը հասնում էր իր պատմության վախճանին, նրա ձայնը դողում էր, անկեղծորեն ապրում էր մի ողբերգություն, որր հատուկ է այն մարդկանց, որոնք հարուստ ժառանգություն են երազում և սեփական աշխատանքը համարում են իրենց բնավորությանն անհարմար։ Ռիգզի պատմության այդ վերջին մասն էր, որ ինձ չափազանց հետաքրքրում էր, որովհետև տիկին Ռիգզը լացակումած աչքերով մոտենում էր իր ամուսնուն, բռնում էր նրա գլուխը և ուզում էր համբուրել նրան, բայց չէր հաջողում, շրթունքներն իրար չէին հասնում, մր. Ռիգզն էր, որ համբուրում էր իր կնոջ ատամները։

Ես համառորեն ամեն առիթի նրանց պատմել էի տալիս այդ պատմությունը և, որ գլխավորն է, հետաքրքրվում էի այնպիսի մանրամասնություններով, որոնցով մր. Ռիգզը ոգևորվում էր, պատմում էր անընդհատ և մինչև անգամ նամակներ էր քրքրում, որպեսզի կարողանա ճշտեք ամիսը, շաբաթը, օրը և ժամը։

Այնքան էր ոգևորվում մր. Ռիգզը, որ կուրանում էր, չէր կարողանում տեսնել, որ ես պարզապես ձեռք էի առնում իրեն։

Ապա մր. Ռիգզը պատմում էր, թե իր հայրը ինչ կերակուրներ էր սիրում, որոնց մեջ աչքի էր զարնում կաղամբով պատրաստված մի կերակուր, որի հոտը կպչում էր մինչև անգամ ուտողի զգեստներին։

— Ի՜նչ ճաշակավոր մարդ է եղել,— ավելացնում էի ես անմիջապես։

Տիկին Ռիգզը գլուխը թեքում էր ուսի վրա, խոր բավականությամբ նայում էր իր ամուսնուն։ Ես ոչ մի խոսքի համար այնքան չեմ զղջացել, որքան դրա համար։ Դա պատճառ եղավ, որ շաբաթը երեք անգամ տիկին Ռիգզն ինձ համար եփի կաղամբով կերակուր։ Մր. Ռիգզը միշտ գովաբանում էր տիկնոջը, որ այդքան փափկանկատ է թե՛ դեպի իր հայրը և թե՛ դեպի ինձ։