Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/242

Այս էջը հաստատված է
2

Մի առավոտ, նախաճաշի ժամանակ, մեր տան անկյանը կանգնեց մի ապրանքատար ավտոմոբիլ, զռզռաց, հևաց և լռեց։ Մր. Ռիգզը, կարծելով, որ ավտոմոբիլը մեզ համար կանգնած կարող էր լինել, մոտեցավ լուսամուտին և ներքև նայեց, մի պահ ապշած մնաց, հետո վերադարձավ սենյակ, սկսեց ապուշ-ապուշ նայել կնոջ վրա։ Տիկին Ռիգզը, որ առհասարակ ուշի-ուշով հետևում էր իր ամուսնու բոլոր շարժումներին, նրանց մեջ միշտ հոգեբանական երևույթներ գտնելու հույսով, փոխադարձ սկսեց նայել։ Ես, որ նրանց շարժումների մեջ առհասարակ միայն մարդակազմական երևույթներ էի տեսնում, այս անգամ մր. Ռիգզի աչքերում «տեսա» ինչ-որ հոգեբանություն։ Ես էլ սկսեցի նայել։

— Սատանան...— արտասանեց մր. Ռիգզը և նստեց աթոռին։

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց տիկին Ռիգզը և վազելով ամուսնու մոտ՝ ձեռքը դրեց ուսերին և ատամները վագրի նման ցցեց նրա նայվածքի մեջ։

Ես վազեցի դեպի լուսամուտը, նախ գլխի չընկա, բայց երբ տիկին Ռիգզը ետևիցս վազեց, դիտեց և «ահ» բղավելով՝ սկսեց լաց լինել, ես հասկացա։

Ապրանքատար ավտոմոբիլով եկել էր մի նեգր ընտանիք և կահ-կարասիքը տեղափոխում էր ներս, ուրեմն մեզ հարևան է դառնալու մի սևամորթ ընտանիք, որը մահացու կերպով խոցում էր հարավի ամերիկյան արիստոկրատների սիրտը։

Երբ մր. Ռիգզը տեսավ, որ տիկինը բոլորովին գունատվեց, վազեց պահարանը, կաթիլներ հասցրեց և նրան հանգստացնելու համար՝ հարեց.

— Անպայման հասցեն սխալ է, անպայման մի աղետավոր թյուրիմացություն կա։

Տիկին Ռիգզը հավատալով իր ամուսնու ամեն մի արտասանության, լիներ դա խոսք կամ մլավյուն, անմիջապես հանգստացավ։

— Ես կգնամ ճիշտ հիմա և կպարզեմ թյուրիմացությունը,—