ասաց մր. Ռիգզը և անմիջապես հեռացավ առանց նախաճաշի սուրճը խմելու։
— Դուք կարծո՞ւմ եք, որ այս թաղում թույլ կտրվի սևամորթներին ապրելու,— հարցրեց ինձ տիկին Ռիգզն իր ամուսնու հեռանալուց հետո։
— Առաջին անգամն է, որ ես այդպիսի բան եմ լսում,— պատասխանեցի.— ամերիկյան սահմանադրական օրենքում գույների հարց չկա, որքան ես գիտեմ։
Որովհետև ես չէի ապրել սևամորթների ստրկության համար պատերազմ հայտարարող և այդ պատերազմում պարտված, ջախջախված հարավի նահանգներում, ինձ շատ տարօրինակ թվաց պանսիոնի համար վճարած իմ փողով մասամբ ապրող այս արիստոկրատների հոգեբանությունը։
— Բայց ինչո՞ւ համար, տիկին, դուք այդպես...
Տիկին Ռիգզը չթողեց, որ խոսքս շարունակեմ, ավելի քաղաքավարի համարեց ինձ չլսելու անքաղաքավարությունը, քան ինձ կոպիտ պատասխանելու անքաղաքավարությունը և հեռացավ։
Քիչ անց՝ մր. Ռիգզը ներս մտավ բոլորովին գունաթափ։ Տիկին Ռիգզն անմիջապես վազեց ներս։
— Դժբախտաբար, հասցեի սխալ չկա, բայց հիմա գնում եմ փաստաբանի մոտ. այսօր ևեթ կվերջացնեմ այս զզվելի հարցը, չեմ թույլ տա, որ մի գիշեր անգամ քնեն նրանք այս տանը իբրև մեր հարևաններ։
Ես և մր. Ռիգզը միասին դուրս եկանք տնից, ես գնացի աշխատանքի, իսկ մր. Ռիգզը՝ փաստաբանի մոտ։
Երեկոյան, երբ տուն վերադարձա, հարցը վերջնականապես լուծումն էր գտել — ոչ մի օրենք չէր կարող սևամորթի ընտանիքին դուրս հանել սեփական բնակարանից։
Ես չցանկացա ոչ մի խոսք ասել, թողեցի նրանց անսահման սգի մեջ և հեռացա իմ սենյակը ու սկսեցի կարդալ Մառլոյի «Դոկտոր ֆաուստուս»-ը։
Այդ օրից վերջ գտավ իմ հետաքրքրությունը դեպի մր. և տիկին Ռիգզը, որովհետև նրանց խոսակցությունը դարձավ անհանդուրժելի ինձ համար. միայն նախաճաշում և ընթրում էի նրանց հետ՝ առանց իմ կողմից խոսակցություն բանալու,