Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/245

Այս էջը հաստատված է

տվեց, որպեսզի ինձ չմատնի չբարևելու անհարմարության, բայց ես՝

— Բարև ձեզ,— ասացի։

Նա անմիջապես շուռ եկավ, մի պահ լռեց և հաստատ համոզվելով, որ իրեն էի բարևում, դողդողալով պատասխանեց.

— Բարև ձեզ։

— Ինչպե՞ս եք,— հարց տվի։

— Շատ լավ,— վրա բերեց սևամորթը անմիջապես, սևամորթներին հատուկ անգլերեն շեշտավորությամբ։ Դո՞ւք ինչպե՞ս եք։

— Ինչպե՞ս է ձեր նոր բնակարանը,— հարցրի։

Սևամորթը, առանց իմ հարցմանը պատասխանելու, շարունակեց.

— Դուք երևի հարավից չեք։

— Ո՛չ հարավից, և ո՛չ էլ հյուսիսից,— պատասխանեցի,— ես արևելքից եմ և նախ և առաջ մարդ եմ։

— Օ՜...— եղավ սևամորթի պատասխանը։

— Ձեզ ոչ մի վտանգ չի՞ սպառնում արդյոք բնակարանից զրկվելու,— հարցրի։

— Ոչ մի վտանգ օրենքով, բայց տիկին Ռիգզը օրենքից հզոր է երևում,— պատասխանեց սևամորթը։

— Ինչպե՞ս։

— Մի հարցնեք, երբ դռան առաջին իմ երեխաները նրանց դիպչում են — «հեռացե՛ք, հեռացե՛ք, կեղտոտում եք իմ շորերը» բղավում է և անհանդուրժելի կերպարանք է ցույց տալիս։

Չպատասխանեցի։

— Բարի գիշեր, մր. Բուկեր,— ասացի սևամորթին և հեռացա։

Լուսամուտից ես տեսա մր. Բուկերին, որ իր կանգնած տեղում գամված մնացել էր. նրա շրթունքները դողում էին, աչքերը սիրով և գուրգուրանքով լցված, երևում էր, որ նա խորապես զգացված էր իմ վերաբերմունքից։ Մի պահ դիտելուց հետո՝ ես զգացի, շոշափման պես զգացի, որ նա ցանկանում էր ինձ գրկել և համբուրել։