Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/246

Այս էջը հաստատված է

Անցավ մի քանի օր. ես հանդիպեցի տիկին Բուկերին իր երկու զավակներով։ Բարևեցի տիկին Բուկերին, իբր թե ուրիշ անգամ պատահած լինեի նրան։

— Բարև ձեզ,— պատասխանեց տիկին Բուկերը լայն բավականությամբ և առանց շփոթվելու, մինչդեռ նրա երկու սև փոքրիկները, փաթաթվելով մոր սրունքներին, գլուխները կախ, բայց սևեռուն աչքերով նայում էին ինձ՝ ինչպես ձմերուկի սև կետեր, նայում էին այն սպիտակ մարդուն, որ ժպիտով բարևում էր իրենց մորը։ Մոտեցա մեկին, փաղաքշանքով կմշտեցի նրա սև, ուռած և փափուկ թշերը, ապա դառնալով տիկին Բուկերին՝

— Ինչ առողջ են,— ասացի։

— Շնորհակալ եմ,— պատասխանեց տիկին Բուկերը, և առաջին անգամ ըմբռնեցի այդ բառի իսկական նշանակությունը. մի բառ, որ Ամերիկայում ամեն մարդ ամեն քայլափոխի, ամեն առիթի, ամեն մի բանի համար գործածում է։


4

Ես շուտով ծանոթացա նրանց կյանքի պատմության. մր. Բուկերի հայրն ստրուկ է եղել, ինքն ստրուկ է ծնվել, քաղաքացիական պատերազմով ազատվել է։ Մր. Բուկերը 20 տարեկան կորցրել է իր հորը, իսկ ինքը գինետան մեջ կեղտեր մաքրելով՝ դառել է գինետան տեր, փող է ավելացրել, ապա ծախել է գինետունը, տեղափոխվել մեր քաղաքը, մեր հարևան տունն է գնել և զբաղվում է վերարկուների առևտուրով։

Մի օր փոքրիկ Բուկերներից մեկին բերի իմ սենյակը, շոկոլադ տվի և ուղարկեցի տուն։ Երբ դրսի դուռը փակեցի և երկու քայլ միջանցքն ուզեցի անցնել, մր. Ռիգզը ցցվեց իմ դեմը, ցասումից շվարած՝ ուզում էր մի բան ասել, բայց կակազում էր, մինչդեռ տիկին Ռիգզը, ճաշարանի շեմքին կանգնած, ատամներն սպառնագին ցցած, դաժանորեն նայում էր ինձ։

— Դուք... դուք... դուք անպատվում եք մեր տունը,— հազիվ պատասխանեց մր. Ռիգզը։