Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/249

Այս էջը հաստատված է

ծանոթացա առանց հետը խոսելու, մինչև անգամ առանց բարևելու։ Ձևականությունների կարիք չկար ծանոթության համար։ Նա մի նեգրուհի էր, ուրեմն պարզ էր նրա կյանքի ամբողջ մանրամասն պատմությունը,— նեգրուհի Միացյալ Նահանգների հարավի քաղաքներից մեկում— դա նշանակում էր լինել օրենքի առաջ ազատ, բայց ստրուկ՝ օրենքի կույր աչքերից հեոու, կյանքում։

Երբ կեսօրին ես սենյակը վարձեցի, ապարտըմանում ինձ ոչ ոք չտեսավ։ Երեկոյան սենյակս մտնելիս՝ Մեյրին կանգնած էր իրենց բնակարանի դռան առաջ։ Նա հետախույզ հայացք նետեց իմ վրա իբրև նորեկի։ Օդային գազի լույսը, որ վառվում էր իմ սենյակի դռան և նրանց բնակարանի դռան միջև, սանդուղքների ճիշտ դեմացը, լուսավորում էր նրա դեմքը։ Սևաթույր մորթը փայլում էր՝ ինչպես սրբված կոշիկի քիթը, իսկ աչքերը վառվում էին անմեղ ու անվնաս գազանի աչքերի նման։ Գլխին սպիտակ և մաքուր գլխանոց ուներ, փորի վրա փոքրիկ — էլի սպիտակ և մաքուր — մի գոգնոց՝ ուժեղ հակադրությամբ իր մորթու և հագած շորերի հետ, կարծես նա նման էր սև ու սպիտակ ագռավի։

Երբ ես նայեցի նրան սենյակիս դռան բանալին պտտած ժամանակս, նա ժպտաց սպիտակ ատամների միջից, որոնք եզերված էին գինու կարմիր և կրքոտ շրթունքներով։

Սենյակումս ամեն ինչ խորթ և օտար էր թվում, կարծես իրերը նայում էին ինձ վրա սառած աչքերով. բաց արի պահարանը. ոչինչ չժպտաց ինձ, պահարանում դարսված իրերը լռեցին. նստեցի ճոճաթոռի վրա. կարծես չէր ցանկանում ինձ օրորել, սկսեցի դիտել պատերից կախված պորտրեները. նրանք ինձ չճանաչեցին։

— Ոչ մի բարեկամ իր չկա այս սենյակում,— մրմնջացի ինքս ինձ։

Սկսեցի մի երգ երգել, այդ սենյակում ոչ մի իր չլսեց իմ երգը։

Երկար չկարողացա մնալ և դուրս եկա սենյակից։ Սանդուղքների վրա ես հանդիպեցի Մեյրիին։ Նա վեր էր բարձրանում աստիճաններից, հոգնած և տխուր։ Երբ մենք իրար կտրեցինք և անցանք, մի քանի աստիճան իջնելուց հետս ես