Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/250

Այս էջը հաստատված է

ետև դարձա, Մեյրին էլ կանգ էր առել, դարձել էր ետև։ Մեր նայվածքներն իրար հանդիպեցին՝ հինավուրց բարեկամների նայվածքների նման։

Առավոտյան երբ սենյակից դուրս եկա, Մեյրիի դռան առաջ կանգնած էր մի տիկին, երկարահասակ, չոր, ժամանակից առաջ խորշոմներով պատած դեմքով, չոր և դեղին աչքերով։

— Մեյրի,— գոռում էր տիկինը դեպի ներքև, զայրացած։

Ես սկսեցի իջնել. հաջորդ հարկի վրա Մեյրին մի ուրիշ նեգրուհու հետ խոսում էր, ըստ երևույթին, նա չէր լսում տիկնոջ ձայնը։

Մի վայրկյան վարանեցա, ուզում էի ասել նրան, որ տիկինը կանչում է։ Տիկինը զայրացած էր և կարող էր նրան պատժել։ Մոտեցա։

— Ձեր տիկինը կանչում է,— ասացի։

Մեյրին ահաբեկված վազեց և մոռանալով անգլերեն լեզվում ամենասովորական և ամենակարճ բառն արտասանել՝ thanks[1]։

Շարունակեցի իջնել։

Հաջորդ օրը ես Մեյրիին հանդիպեցի փողոցի մայթի վրա։ Նա մտերիմի պես մոտեցավ ինձ:

— Երեկ ես ձեզ շնորհակալություն չհայտնեցի, ներեցեք,— ասաց։

— Մի մտածեք այդ մասին,— պատասխանեցի։


2

Անցավ մի քանի շաբաթ։ Իմ սենյակի իրերը փոխեցին իրենց վերաբերմունքը դեպի ինձ. ես սկսեցի հասկանալ նրանց և սիրել։ Երբ ես ներս էի մտնում, սեղանիս վրա ապրող ջրի կապտագույն շիշը ժպտում էր ինձ, ժպտում էր այնպիսի վարդագույն ուրախությամբ, որ ինձ համար ջուր խմելը դառնում էր անդիմադրելի։ Ճոճաթոռի մեջ նստելիս՝ ինձ թվում էր, որ մտերիմ և սիրող թևեր ինձ են գրկում։ Ես զգացի,

  1. Շնորհակալություն։