Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/261

Այս էջը հաստատված է

— Ոչ ոքի հետ, բայց ի՜նչ ծիծաղելի մարդ է։

— Ո՞վ,— էլի հարցրեց հայրը։

— Չեմ իմանում ով է, մեր բակում մի մարդ է ման գալիս,— պատասխանեց Գերտրուդը։

Հոր դեմքը կծկվեց, այծամորուսն սկսեց շարժվել։ Գերտրուդի մայրն անմիջապես մոտեցավ իր ամուսնուն։

— Սիրելիս, ինչո՞ւ ես բարկանում, թող մի քիչ սպասի և գնա,— ասաց։

— Ինչո՞ւ պետք է սպասի, ես նրան պատասխանել եմ չեմ կարող։

— Կձանձրանա և կգնա։

Հայրը վեր կացավ, հրացանը պատից վար առավ և վայրկենաբար դուրս թռավ։ Ո՛չ Գերտրուդը և ո՛չ էլ մայրը չկարողացան նրան բռնել։ Հայրը կանգ առավ պատշգամբի վրա և գոչեց.

— Ջենտլմեն, եթե չգնաք, ձեզ կխփեմ։

Ճաղատ գլխով երիտասարդը քմծիծաղով հեռացավ բակից։ Հայրը ներս եկավ և տեսավ, որ իր կինը, Գերտրուդի հետ ծնկի եկած, աղոթում էր։ Ֆերմերի պապերը կռվել էին հնդիկների և բնության տարերքի դեմ, բայց զգացվեց, նետեց հրացանը, մոտեցավ իր երկու հարազատներին, փաթաթվեց նրանց վզերին և երկար համբուրեց։

Երկրորդ օրը՝ Գերտրուդը հանդիպեց ճաղատ գլխով երիտասարդին գյուղամիջում։ Նա խոսում էր գյուղացիների հետ և բացատրում իր վաճառած ավտոմոբիլի առավելությունները։ Երբ երիտասարդը տեսավ Գերտրուդին, նրա ատամները նորից ցցվեցին։ Այս անգամ երիտասարդը գլուխ տվեց. Գերտրուդը չուզեց պատասխանել, հիշեց իր հոր զայրույթը, հրացանը, մորը և իրենց հուսահատական աղոթքը, բայց երիտասարդը կանգնեցրեց նրան։

— Ինչո՞ւ հայրդ այդքան չարացել է,— հարցրեց նա։

— Նա չի սիրում, երբ մարդիկ նեղություն են պատճառում իրեն,— պատասխանեց Գերտրուդը։

— Ես ուզում եմ նրա սխալը հասկացնել, մի ավտոմոբիլ ահագին գործ կտեսնի։

— Բայց մենք փող չունենք, մի ձին էլ բավական է։