Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/272

Այս էջը հաստատված է
5. ԹՈՄ
1

Թոմը մեզ մոտ եկավ Միացյալ Նահանգների հարավային քաղաքներից։ Նա լսել էր, որ հյուսիսում մարդիկ ավելի սառն են, բայց ավելի բարյացակամ դեպի «գունավոր» մարդիկ։

Հյուսիսում առաջին օրն իսկ նա ընկավ մեր միջավայրը։ Մենք օտարականներ էինք, մեր մեջ չէր վառվում դեպի սևամորթներն ամերիկյան սպիտակների ատելության հուրը:

Մենք Թոմին ընդունեցինք եղբայրաբար։ Նա ծառայող դարձավ արևելյան գորգի մեր վաճառատան մեջ, ուր մենք ծառայողներ և բանվորներ էինք։ Երբ առաջին օրը Թոմին հարցրինք հարավից հազար ու մի նեղություններով դեպի հյուսիս փախչելու պատճառները, նա չասաց։ Թոմը դեռևս կասկածում էր մեր մասին։ Նա կարծում էր, որ արևելցի սպիտակամորթն էլ կունենա որոշ նախապաշարումներ դեպի նեգրը։

Սկզբում մենք հեգնությամբ վերաբերվեցինք Թոմի կասկածներին։ Թողեցինք, որ ժամանակը պարզի մեր ներքին զգացումների դեմքը, և Թոմն իսկապես մեզ ընդունի իբրև իր եղբայրները։

Մի օր ես նրան ասացի.

— Թո՛մ, լավ լսիր, մի՞թե դու կարծում ես, որ ես և դու տարբեր ենք ենք իրարից։

— Այո, կարծում եմ,— պատասխանեց Թոմը։

— Ւնչո՞ւ, ի՞նչ տարբերություն կա։

Թոմը ծիծաղեց։ Նա կարծեց, որ ես նրան ձեռք եմ առնում։ Նրա ծիծաղի ներքին իմաստն այդ էր։

— Ասա, ինչո՞ւ։

— Պարզ է, դու սպիտակ ես, ես՝ սև։

Այս անգամ ես ծիծաղեցի։

— Չէ՞ որ ես և դու միևնույն աշխատանքն ենք կատարում այս գորգի վաճառատան մեջ, չէ որ միևնույն փոշին ենք կուլ տալիս, միևնույն ծանրությամբ գորգեր ենք շալակում,