Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/274

Այս էջը հաստատված է

— Այո, մենք կա՛մ սև ենք, կամ սպիտակ բոլորս միասին, մենք սոցիալական միևնույն շերտն ենք կազմում, մարդկանց մեջ տարբերություն դնողը մորթը չէ, այլ...

— Ես ձեզ հասկանում եմ,— պատասխանեց Թոմը և չթողեց, որ շարունակեմ։

Բայց Թոմի մեջ կար մի միտք, որ արմատացած էր մինչև նրա հոգու խորքը։ Նա միշտ կրկնում էր.

— Քո բոլոր ասածները ճիշտ են, բայց մի բան շատ սխալ է։

— Ո՞րն է այդ։

— Այն, որ ասում ես, թե մարդասիրություն չկա, ամեն բան տնտեսական երևույթների արդյունք է, բայց կա մարդասիրություն, մարդասիրությունը տնտեսական երևույթների հետ կապ ունի;

Ես հեգնորեն ծիծաղեցի։

Թոմը զայրացավ։ Իմ բերած բոլոր օրինակների դեմ նա հանդիսավոր կերպով հայտարարեց.

— Ապա Լի՞նքըլնը, մի՞թե Լինքըլնը մարդասեր չէր։

— Դու մատնանշեցիր մի անուն, որով կարելի է պարզաբանել ամեն բան։

Թոմը քիչ մնաց իրեն կորցներ — Լինքըլն և ոչ-մարդասեր — որևէ սևամորթ կարող էր խանգարվել։

Ես նրան անմիջապես հանգստացրի.

— Լինքըլնը մեծ մարդ է, և ամբողջ մարդկությունը երախտագիտությամբ պետք է հիշի նրա անունը, բայց տրամաբանությունը չպետք է կորցնես, որպեսզի ամեն ինչ հասկանաս։

Ես Թոմին տվի մի փոքրիկ բրոշյուր և խնդրեցի նրան ուշի-ուշով կարդալ այն և հետո լսել ինձ։

— Շատ լավ, կկարդամ։

Այդ գիրքը թվարկում էր Միացյալ Նահանգների քաղաքացիական պատերազմի պատճառները։

երբ Թոմը գիրքը վերջացրեց և ետ բերեց, ես ասացի նրան։

— Տեսնո՞ւմ ես, Լինքըլնը մեծ մարդ լինելուց չի դադարում, բայց սևերի ազատագրության պատճառները տնտեսական