Թոմի աչքերը փայլատակեցին, նա նայեց գանձապահի աչքերին և ատամներով կծեց շրթունքները։
Գանձապահը ոչինչ չհասկացավ։
— Քեզ թող լինի, մեծ փող չէ։
Մեծ փող չէր, բայց նեգրին 5 սենտ տալու սպիտակամորթ գանձապահի բավականությունը կտրատում էր նեգրին էլեկտրական հոսանքի նման։
— Ոչ մի սենտ չեմ ընդունի իբրև պարգև,— ասաց Թոմը և լռեց։
Այդ լռության մեջ զայրացած մի գազան էր շղթայված։
Ես անմիջապես գրպանիցս հանեցի 5 սենտ և տվի Թոմին։
— Տուր գանձապահին,— ասացի,— դու հետո ինձ կտաս։
Թոմը 5 սենտը հանձնեց գանձապահին և հեռացավ։
Գանձապահը, որ գորգավաճառի լակեյն էր, սուր-սուր նայեց ինձ և գոռաց.
— Կամաց-կամաց լրբացնում եք այդ կեղտոտ նեգրերին։
— Իհարկե, քեզ դուր չի գա, որ մարդիկ արժանապատվություն ունենան։
— Արժանապատվությունս ո՞րն է, ավելի 5 սենտը աչք կծակի։
— Այո, կծակի, ավելի լավ է դու մտածես, թե ինչպես պետք է անել, որ բոլորս էլ ստանանք այն, ինչ արտադրում ենք, և ոչ թե 5 սենտ ավելի տաս իբրև ողորմություն։
Տիրեց լռություն։ Ես զգացի, որ գանձապահի համար շատ խրթին հարց էի հարուցել։ Նա մեքենայի վրա սկսեց գումարներ անել, իսկ ես դուրս եկա փողոց։
Լույսերը վառվում էին երկար, լայն, հարուստ և ցոփակյաց փողոցում։ Ես մի սյունի տակ կանգնած՝ միտք էի անում, երբ մի աղջիկ մոտեցավ ինձ, ժպտաց և կանգնեց։ Նայեցի նրա աչքերին և հասկացա նրան։
— Ժամանակ չունեմ,— ասացի։
— Տրտմությունը լավ բան չէ,— պատասխանեց աղջիկը։