Երեսս շուռ տվի։ Նա հայհոյեց և կորսվեց ցոփակյաց փողոցում։
Դեռևս երկու քայլ չէի արել, երբ Թոմը դեմս ցցվեց։
— Բերի քո 5 սենտը,— ասաց։
Փողն առնելուց հետո՝ առաջարկեցի Թոմին գնալ և գարեջուր խմել։
— Գնանք,— համաձայնեց Թոմը։
Մենք մտանք մոտակա գինետունը։
— Երկու գարեջուր,— ասացի մատուցողին։
Մատուցողը բերեց միայն մի բաժակ գարեջուր և դրեց իմ առաջը։
— Ես երկու բաժակ խնդրեցի,— ասացի մատուցողին։
— Մենք սևամորթին չենք ծառայի,— պատասխանեց մատուցողը և հեռացավ։
Թոմը ժամանակ չտվեց ինձ, որ մի բան անեի, անմիջապես աճապարեց մատուցողի ետևից։
— Պարոն,— ասաց Թոմը,— դուք ինձ անպատվեցիք։
— Հենց ուզում էի անպատվել,— պատասխանեց մատուցողն ամենացինիկ տոնով։
— Համեցեք փողոց,— առաջարկեց Թոմը։
Այլևս ուշ էր միջամտել։ Թոմի աչքերը փայլում էին՝ ինչպես մութի միջից լուսարձակին նայող գազանի աչքերը։
— Ես քեզ հետ չեմ զիջանի կռվել,— պատասխանեց մատուցողը և սկսեց գոռալ «օգնություն»։ Գինետան սպիտակամորթները հավաքվեցին: Թոմը բոլորին բացատրեց, թե ինչ է պատահել։ Սպիտակները լռեցին։ Ոչ ոք չարտահայտվեց։ Ներսից եկավ գինետան տերը և հրամայեց Թոմին դուրս գալ գինետնից։ Թոմը մերժեց դուրս գալ և էլի առաջարկեց մատուցողին փողոց գալ մենամարտելու։ Գինետան տերը հայհոյեց Թոմին։ Թոմն արձակեց իր զայրույթի շղթաները և դուրս քաշեց գրպանից իր ածելին։ Երբ Թոմն ածելին դուրս քաշեց, սպիտակները բոլորն էլ քաշվեցին։ Թոմը կանգնած էր գինետան մեջտեղը, փայլատակում էին երկու բան՝ նրա զայրացած աչքերը և ածելին։ Մատուցողը փորձեց փախչել, բայց Թոմը նետեց ածելին նրա վզին, արյունը ողողեց նրա սպիտակ բլուզը։ Երբ սպիտակներն առան գետին