— Միլիոն աշխատելուց հետո կասեմ,— ասաց և լռեց։
Չմտահոգվեցի այդ մասին․ զբաղված էի Սոկրատի վերջին ճառով, որ նա արտասանել էր աթենացիների առաջ՝ իր դատավորության ընթացքում։
Երբ ամանները լվացինք և դուրս եկանք յուղերի ու կեղտերի աշխարհից, Գրոզբին էլի խոսք բաց արավ և ասաց․
— Համալսարանից ոչինչ դուրս չի գա. տիտղոսները ուրիշին կթողնեմ, իսկ ես կգնամ իմ բախտը շինելու։— Էլի կրկնեց, որ աման լվալը անասունի գործ է։ Բայց ես համոզված էի այլևս, որ ոչ մի անասուն այդ գործը չի ստանձնի և ավելորդ է դրա մասին մտածելը։
Էլի հարց տվի Ուոլտըր Գրոզբուն.
— Ինչպե՞ս ես փող աշխատելու, այն էլ մի միլիոն դոլլար։
— Միլիոնը ձեռք բերելուց հետո կասեմ,— կրկնեց Գրոզբին։— Մի քանի օրով արձակուրդ եմ ստացել, պետք է ուրիշ քաղաք գնամ. եթե հաջողեմ, էլ համալսարանը չեմ վերադառնա, իսկ եթե չհաջողեմ, համալսարանը չի փախչի, էլի կվերադառնամ։
Իսկապես Ուոլտըր Գրոզբին մի քանի օրից գնաց և 15-20 օրից վերադարձավ բոլորովին փոխված, թռիչքներով և մեծ-մեծ մտքերով տոգորված։
— Ի՞նչ փոխված ես, Ուոլտըր,— ասացի,— ոգևորված ես։
— Ոգևորությունը գրոշի արժեք չունի, մինչև չեկը գրպանումս չլինի,— պատասխանեց Գրոզբին, բայց նրա աչքերը հեռևում կարծես տեսնում էին մի միլիոնի չեկը, որ թռչում էր դեպի իրեն։
— 1 000 000 դոլլար, գալիս է շուտով իմ գրպանիկս մտնելու։
— Հիմա կարո՞ղ ես պատմել ինձ, թե ինչպե՞ս պետք է աշխատես մի միլիոնը։
— Իհարկե կարող եմ,— պատասխանեց Գրոզբին,— բայց պայմանով, որ առայժմ ոչ ոքի ոչինչ չհայտնես, մինչև ես քեզ հայտնեմ ուրիշին հայտնելու ժամանակը։
— Շատ լավ,— ասացի։