Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/286

Այս էջը հաստատված է

բժիշկը հայտնեց տիկին Պուլմենին, որ իր գնացած ամառանոցը վատ կարող է անդրադառնալ շատ քիչ մազ ունեցող շան վրա։

Բժշկի այս կարծիքը երբ տիկին Պուլմենը հայտնեց տիկին Ուիլլիամսին, այս վերջինս բացականչեց.

— Բարի եք, տիկին Պուլմեն, Քրիստոսի նման բարի եք։

Այն ժամերը, որ տիկին Պուլմենն անց էր կացնում իր մտերմի հետ, նրա կյանքի ամենահաճոյալի ժամերն էին, այդ ժամերը տիկնոջը տալիս էին զգայությունների ամենաբուռն տեսակը։


* * *

Երջանկությունը երբեմն երկար չի տևում նաև միլիոնատերի կնոջ համար։

Տիկին Պուլմենն էլ, մի առավոտ, մետաքսյա բարձիկների վրա պառկած, դառնորեն արտասվեց. նրա արցունքի կաթիլները գլորվեցին արցունք չտեսած բարձիկների վրա։

Տիկին Պուլմենի շնիկը մեռել էր մի քանի թեթև հաչոցներից և գալարումներից հետո։

Տիկին Պուլմենն աղի արցունքներ էր թափում ամեն անգամ, երբ հիշում էր շնիկի ողբագին հաչոցները։

— Ոչ ոք չկարողացավ հասկանալ նրա ցավը,— ասում էր տիկինը և ծանրորեն մեղադրում ընտանեկան բժշկի գիտական անզորությունը։

* * *

Շնիկի մահվան երկրորդ օրը քաղաքի բուրժուական թերթերը հրատարակեցին տիկին Պուլմենի և իր շնիկի լուսանկարները, մեկը՝ «Տիկին Պուլմենն ու իր շնիկը», երբ շնիկը ողջ էր, իսկ մյուսը՝ «Տիկին Պուլմենն ու իր շնիկը» — շնիկը փոքրիկ դագաղի մեջ, ծաղիկներով ողողված, իսկ տիկին Պուլմենն էլ սգի շորերով։

Մամուլը չէր մոռացել մի բանի մխիթարական խոսքերի հետ միասին տալ նաև շնիկի կենսագրությունը։