Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/301

Այս էջը հաստատված է

Դը-Վալերան մոտեցավ Իզաբելլային։ Նրա դեմքի վրա դժգոհություն կար։

— Դուք շատ եք զբաղվում այդ թեթևամիտ բանաստեղծով,— ասաց նա։


* * *

Նյու-Յորքի «Աստորիա» հյուրանոցը, որտեղ ագենտը տեղավորեց Իզաբելլային, տխուր էր նրա համար։ Նա նստել էր լուսամուտի առաջ և դիտում էր Նոր Աշխարհի մեծագույն քաղաքը։ Նա հիշում էր Անդալուզիան, լուսնկա գիշերները, հիշում էր մորը և փոքրիկ քույրերին։ Իզաբելլան սկսեց լաց լինել։

Դը-Վալերան չափազանց զբաղված էր իր առանձին սենյակում, ուր ընդունում էր թատրոնական գործիչների և պայմանագրեր կնքում։ Կես ժամվա մեջ նա արդեն վաճառել էր Իզաբելլայի բոլոր գիշերները պարել, անվերջ պարել։

Երբ դը-Վալերան վերադարձավ Իզաբելլայի մոտ, նրա արցունքներն արդեն սառել էին։

— Դոննա Իզաբելլա,— սկսեց դը-Վալերան,— ինչպես գիտեք, ես խոստացա ձեզ տարեկան 10 000 դոլլար։

— Այո, այդպես էլ գրված է մեր պայմանագրում. եթե դրանից պակաս է լինելու, խնդրում եմ վճարեք իմ ճանապարհի ծախսը, և ես կվերադառնամ իմ մոր և քույրերի մոտ, դեպի Անդալուզիա. այնտեղ լավ էր, այնտեղ այնպես խաղաղ էր ու հանգիստ։

— Մի՛ աճապարեք, դոննա Իզաբելլա,— վրա տվեց դը-Վալերան ժպտուն և կեղծ գուրգուրանքով,— ես թեկուզ խոստացել եմ 10 000 դոլլար, բայց կարող եմ վճարել ավելի, քան այդ գումարր, որովհետև մեր գործերը լավ են գնում։ Ես ձեզ կվճարեմ 20000 դոլլար տարեկան։

— Ի՜նչ բարի եք,— բացականչեց Իզաբելլան ու ժպտաց։ Նրա ժպիտը նման էր մռայլված ծովից հետո ծովի վրա բացվող արևին։ Իզաբելլայի աչքերը դարձյալ սկսեցին փայլել ինչպես Անդալուզիայում։

— Սուտ էր նա,— մրթմրթաց ինքն իրեն Իզաբելլան։