միևնույն նշանակությունն ունի մեզ համար՝ ինչպես քաղցած և թեթևամիտ բանաստեղծների համար։
Խոսակցությունը երկար չշարունակվեց, որովհետև ծառան նորից անհանգստացրեց նրանց, ներկայացնելով դը-Վալերային մի այցետոմս։ Դը-Վալերան կարդաց այցետոմսը և անմիջապես աճապարեց դեպի ընդունելության դահլիճը։
— Ինձ ցանկանում է տեսնել Ամերիկայի ածուխի թագավորի որդին,— կես ահաբեկված արտասանեց դը-Վալերան և աճապարեց ներքև։
Իզաբելլան կասկածեց դը-Վալերայի խոսքի անկեղծությանը։
— Ի՞նչ գործ ունի ածուխի թագավորի որդին իմ ագենտի հետ,— մտածեց Իզաբելլան։
Բայց Իզաբելլան սխալվում էր։ Իսկապես այցետոմսը պատկանում էր Ամերիկայի ածուխի թագավորի որդուն՝ մր. Ռոբերտ Շրայտերին։
Երիտասարդ Շրայտերը համարվում էր Նյու-Յորքի «բարձր հասարակության» ամենագալանտ մարդը։ Նա մսխում էր իր հոր ոսկու դեզերը, մասնավորապես թատրոնների կուլիսներում, իր մասնավոր ապարանքում և իր անձնական նավի վրա, որը կոչվում էր «Պոսիդոն»։
Դը-Վալերան ներկայացավ մր. Շրայտերին ընդունելության դահլիճում ժպիտով և խոնարհությամբ։
Երբ դը-Վալերան վերադարձավ դահլիճից, հայտնեց Իզաբելլային, որ իր Նյու-Յորքի առաջին ելույթից հետո՝ հյուրասիրվելու է ածուխի թագավորի որդու անձնական նավի վրա։
— Այժմ,— շարունակեց նա,— պետք է գնանք ներքև և ծանոթանանք մր. Շրայտերի հետ։
Իզաբելլա Սերրանոն ագենտի հետ գնաց դահլիճ ոստոստուն քայլերով։ Դահլիճում դիմավորեց նրան ածուխի թագավորի որդին, Նյու-Յորքի բարձր հասարակության ամենագալանտ մարդը։ Իզաբելլան մոռացավ ամեն ինչ, միայն հիշեց, որ այժմ երջանիկ են իր մայրը և քույրերը, որոնք այժմ փող ունեն, հիշեց, որ պարտք չունեն, հիշեց, որ իր