Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/306

Այս էջը հաստատված է

որից Իզաբելլան ընդոստ վեր ցատկեց,— Ամերիկայի ածուխի արքայի որդին սիրում է ձեզ, ահա սիրո ապացույցը։

Ագենտը նրան հանձնեց սիրո ապացույցը՝ 15000 դոլլարը և այցետոմսը։

— Չեմ հասկանում — ծովի գիշերը...— մրմնջաց Իզաբելլան։

— Չէ՞ որ մենք նրա հյուրն ենք լինելու իր անձնական նավի վրա, ձեր առաջին ելույթից հետո,— պատասխանեց դը-Վալերան։

Իզաբելլան երկար նայեց տարածության մեջ և ժպտաց։


* * *

Իզաբելլան իր զարդասենյակում դողում էր երկյուղալից։ Հասարակությունը լցվել էր դահլիճ և լուռ սպասում էր սպանացի պարուհուն։ Իզաբելլան շատ էր պարել մեծ ժողովրդական մասսաների առաջ, բայց առաջին անգամն էր, որ նա հանդես էր գալու ցիլինդրավոր ֆրակներ հագած տարօրինակ բազմության առաջ։ Դը-Վալերան մտավ զարդասենյակ և տեսնելով, որ Իզաբելլան պատրաստ է բեմ գալու, գնաց դուրս աճապարանքով։ Դը-Վալերան երկու խոսք ուներ ասելու հասարակության։ Իզաբելլան մտածում էր, որ վայրկյաններ են մնացել հանդես գալու։ Հանկարծ լսվեց որոտընդոստ ծափահարություն դահլիճում։ «Դը-Վալերան վերջացրեց», մտածեց Իզաբելլան։ Նա նայեց մեծադիր հայելուն և դիտեց իրեն՝ իր մուգ աչքերով։

— Դոննա Իզաբելլա, բարձրացնում են վարագույրը։

Իզաբելլան այլևս ոչինչ չտեսավ, միայն զգաց, որ մթնշաղային բեմի վրա սահում են իր ոտները թեթևորեն և ավելի ու ավելի են արագանում հետզհետե բացվող լույսերի մեջ։ Մթնշաղը պայծառանում էր, արևածագն էր, արևածագն Անդալուզիայում։ Իզաբելլայի մարմինն սկսեց փոթորկվել, փոթորկվել այնպես, ինչպես արևն է փոթորկվում Անդալուզիայում, նրա թևերն ուղիղ վեր էին բարձրացած, ամբողջ մարմինը գալարվում էր վեր, ուղիղ՝ ինչպես արևի շողը, ինչպես նետը սլացիկ, դեպի վեր՝ ինչպես երկինք թռչող մարմարը