Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/307

Այս էջը հաստատված է

գոթական կառուցվածքի։ Հանկարծ Իզաբելլան կծկվեց հատակին և սկսեց դեպի վեր բարձրանալ, հետո կանգնեց՝ գլուխը ետև գցած, իրանը՝ առաջ, սրունքները՝ կորացած, ճիշտ նման հարցական նշանի։ Շողերն ավելի առատությամբ թափվեցին բեմի վրա, և Իզաբելլան շարունակեց խռովահույզ, ալեկոծ ու խելակորույս պարը արևի ծագման։

Դահլիճը որոտաց՝ ինչպես ծովն էր որոտում մի քանի օր առաջ։

Քրտինքը կաթիլ առ կաթիլ վազում էր Իզաբելլայի քունքերից՝ ինչպես գարնանային ցողը կանաչ տերևի վրա։

Զարդասենյակում դը-Վալերան կռացավ և համբուրեց Իզաբելլայի ոտները։

— Օրհնյալ է քո մայրը, դոննա Իզաբելլա, օրհնյալ է քո ծնունդը, դոննա Իզաբելլա,— բացականչեց դը-Վալերան:

Ծափահարությունները շարունակվում էին, Իզաբելլան երևաց բեմի վրա։ Դահլիճը լցվեց ծափահարությամբ և բեմը՝ ծաղիկներով։

Երբ Իզաբելլան վերադարձավ զարդասենյակ, դը-Վալերան հայտնեց նրան, որ բեմը լցրել է ծաղիկներով ինքը՝ Ամերիկայի ածուխի արքայի որդին։

— Նա դահլիճո՞ւմն է,— հարցրեց Իզաբելլան։

— Մի՞թե չտեսաք նրան, աջ կողմի օթյակում։

— Ոչ, ես ոչ ոքի չտեսա։

* * *

«Պոսիդոն»-ը կանգնել էր Նյու-Յորքի նավահանգստում և սպասում էր մր. Շրայտերի հրամանին՝ բաց ծով դուրս գալու համար։ Իզաբելլա Սերրանոն, կիսամերկ, փաթաթված երկար վերարկուի մեջ, դուրս եկավ թատրոնից և մտավ մր. Շրայտերի ավտոյի մեջ։ Մր. Շրայտերը վաղուց սպասում էր նրան։ Նրանցից առաջ նավ էին գնացել Նյու-Յորքի «բարձր հասարակության» անդամներից մոտ հիսուն հոգի։

Նավի ջահազարդ դահլիճը լուսավորված էր տոնական օրվա նման։ Երբ Իզաբելլա Սերրանովը և մր. Ռոբերտ Շրայտերը