կոտրտվել, պահածոների կիսադատարկ տուփերը թափված էին ամեն կողմ, մի բարձր ջրշուշան կանգնած էր դեռևս սեղանի անկյունում և տխուր նայում էր դահլիճի ավերակին։
Այդ դահլիճը տեսնողը կարող էր գուշակել այն դաժան օրգիան, որ տեղի էր ունեցել Նոր Աշխարհում հին աշխարհի ձևով։
Առավոտյան նավը կանգ առավ Մեյնի ափերին: Իզաբելլան դուրս եկավ նավից մր. Շրայտերի հետ՝ տրորված, նման ծաղիկներին, որ կործանված էին և թափված հատակին։ Իզաբելլայի աչքերի վրա պղտորության մի քող էր իջել, միայն հանդարտորեն փակվում և բացվում էին պալմայի տերևների նման մուգ, երկար ու սուր նրա թարթիչները։
Իզաբելլան շարունակեց պարել՝ համաձայն դը-Վալերայի կնքած պայմանագրի։ Մր. Շրայտերը մոռացավ Իզաբելլային, դոլլարները նոր զգայություններ պարտադրեցին նրան։ Դը-Վալերան ծանոթացրեց սպանացի պարուհուն նորանոր փոքր և մեծ Շրայտերների հետ։
Թափվեցին՝ Անդալուզիայի գեղջկուհու աչքերի աստղերը հատիկ-հատիկ։ Իզաբելլան սկսեց ապրել իր վաղահաս տերևաթափը՝ ողբագին և աղեկտուր։ Նրա ճակատից դեղին տերևներ ընկան։ Նրա մարմինը կորցրեց իր ճկունությունն ու սլացիկությունը, սրունքները կապարացան, նրա արևածագի վառը չհուզեց հասարակությանը։ Միայն մի քանի բարի ձեռքեր ծափահարեցին ի հիշատակ հին, վաղեմի պարուհու։
Տարիներ անցան։
Իզաբելլա Սերրանոն մնաց մենակ և տխուր։
Նրա թերթերունքները փակվում էին աչքերի վրա՝ ինչպես կափարիչն է փակվում մանկամարդ աղջկա դագաղի վրա։