Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/31

Այս էջը հաստատված է

ճնկում, հազում էր, թքում և ապա սկսում էր կարդալ։ Սկսում էր կարդալ ոչ թե բարձրաձայն, այլ իր համար, ինչպես ինքն էր ասում, կարդում էր թիվ, որպեսզի «պարունակության վերահասու ըլլա» և հետո դարձնի ընտանիքի մյուս անդամների սեփականություն։

Երբ տատս կենում և սպասում էր, որ վերջապես վերջանան այդ դաժան գործողությունները, պապս ասում էր.

— Գնա կերակուրդ եփե, վերջը եկո։

Տատս փափուկ, սպիտակ ձեռներով, փոքրիկ մի կին էր, խոշոր, սև աչքերով, միշտ ժպտուն, միշտ հեզահամբույր և չափազանց մաքրասեր։ Նրանից միշտ մենք առնում էինք մաքուր սպիտակեղենի զգլխիչ հոտը։ Խոսում էր մանտր-մանտր, ախորժելի և խելոք։

Ամառը նա սիրում էր նստել պատշգամբը, որի առաջը փռվում էր աստիճանավոր պարտեզը, պարտեզի տակով անցնում էր անվերջ ջրվեժներով մեծ առու։։ Առուն գալիս էր բարձրից և խոր ձորերով գնում էր դեպի զմայլելի դաշտը։ Երբ ծառերի տերևները շարժվում էին, և Խուրայի սարից փչում էր զով քամին, տատս մանրիկ բերանով մրմնջում էր.

— Օ՜խ, ակդ սիրեմ։

Այս երկու հակադրություններն ինչպե՞ս էին ապրել իրար հետ ողջ 41 տարի, ահա այն դարավոր զազիր օրենքի գաղտնիքը, որ հրամայում է՝ «Կին, եղի՛ր հնազանդ քո ամուսնուն»։

Մի գիշեր պապս երազ էր տեսել, որ մառանի հատակին, մի արշին խորության, ապուպապերից թաղված է եղել մի կճուճ լիքը ոսկի։ Այդ երազից հետո զարթնեց և զարթեցրեց բոլորիս ու կարդացրեց, որ մառանի ճիշտ մեջտեղը փորենք։ Սկսեցինք փորել սարսափելի կարծր հատակը, և իսկապես մոտավորապես մի արշին խորությունից երևաց կճուճը։ Հենց որ պապս կճուճը տեսավ, ուրախությունից ուշաթափվեց։ Տասը հոգով հազիվ կարողացանք նրան բարձրացնել վերի հարկի ննջասենյակը։ Հիշում եմ, մի թևը ես էի բռնել, որպեսզի կախ չընկնի, և այդ թևն անգամ ծանր էր ինձ համար։ Առավոտյան ուշքի եկավ։ Ուշքի գալուն պես՝ կճուճն ուզեց։ Բերին։ Կճուճը բոլորովին դատարկ էր։ Երբ