— Ատում եմ ավտոմոբիլը,— արցունքների միջից շշնջաց Թալիբի դուստրը,— լիներ մի արաբական ձի, փաթաթվեի նրա վզով և համբուրեի նրան։
Նա խոսում էր հարավի արյունալից սիրով, նրա ամեն մի խոսքը թաթախված էր հարավի արեգակով։
— Արաբիայից բերել են արաբական նժույգներ,— ասացի ես,— այս շաբաթվա մեջ պետք է ցուցադրեն նրանց Նյու-Յորքի հիպպոդրոմում, գնանք միասին և տեսնենք։
— Կգամ, միայն մր. Շիլդը չիմանա. նա կարծում է, որ տիկին Շիլդին վայել չէ կրկես գնալ։
— Ապա ինչպե՞ս պիտի կարողանաք գալ։
— Կստեմ, կստեմ պարզապես, կասեմ, որ օպերա եմ գնում. նա երաժշտություն չի սիրում, չի ընկերանա։
— Լավ, հեռախոսեցեք ինձ, և մենք կպայմանավորվենք։
Արաբուհին բռնեց ձեռքս և պինդ սեղմեց։
Երբ արաբական նժույգներն սկսեցին սուրալ հիպպոդրոմի ավազուտ բեմի վրա, բոցավառվեցին արաբուհու աչքերը։ Նա ապշած և վերացած նայում էր նրանց լուսարագ վազքին, նրանց կայծակնավազ թռիչքին, շունչը բռնած, թևերը բացած՝ նա կարծես սպասում էր գրկելու իր ամենասիրելուն։ Նժույգներից մեկը եկավ, կանգնեց մեր առաջ, նայեց աստղասարսուռ աչքերով: Նա կարծես նայում էր հեռու, հեռու, նրա նայվածքն անսահման հորիզոններ էր ընդգրկում։ Այդ նայվածքը կարծես հառում էր մի հեռավոր երկնքի։ Հանկարծ նա վրնջեց։ Նրա խրխինջն արձագանքն էր Արևելքի հրավառ հորիզոնների. անասունի վրնջյունի մեջ զգալի էր թանձրացյալ մի կարոտ, որ հնչում էր՝ ինչպես աղեկտուր մի երգ։
— Բինտ-Էլ-Թալիբ,— շշնջացի ես,— ինչ նման են ձեր բախտերն իրար, ձեր և այդ անասունի։
Բինտ-Էլ-Թալիբը, մոռացած, թե որտեղ է գտնվում, հանկարծ բացականչեց մեր առաջ կանգնած նժույգին.
— Արի՛, արի՛, իմ ազիզ։