Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/317

Այս էջը հաստատված է

Այդ բացականչությունը կրակեց իմ սիրտը, բոցավառեց իմ մեջ խոր մի կարեկցություն դեպի այդ թշվառ արաբուհին, վաղեմի որբուհին։ Նա զգաց, որ ես արդեն թափանցել եմ իր հոգու խորքը։ Նա հենվեց ինձ, բռնեց ձեռքս և, առանց աչքերը նժույգից հեռացնելու, սղմեց երկար և արևագին։

Ինձ այնպես թվաց, որ մենք երկուսով նստել ենք արմավենու շվաքի տակ՝ արաբական ավազուտներում։ Ձին վրնջեց երկրորդ անգամ և թռավ՝ ինչպես առասպելական թռչուն։

Երբ արաբական նժույգների արշավը վերջացավ, արաբուհին խնդրեց ինձ գնալ և խնդրել արաբական նժույգների տիրոջից, որպեսզի թույլ տա իրեն գնալու և սիրելու նժույգներից մեկին։

Մեզ առաջնորդեցին ձիերի մոտ։ Արաբուհին փաթաթվեց նրանցից մեկի վզովը, համբուրեց նրա վճիտ, պայծառ և հետահայաց աչքերը, որոնց մեջ հրդեհվում էր հարավի լույսը։

Ուրախ արցունքներով ողողեց արաբուհին նժույգի փայլուն վիզը, շոյեց նրա բաշը, հարյուրավոր անգամ համբուրեց նրա աչքերը, գգվեց, փայփայեց։ Իմաստուն է արաբական ձին, սիրում է գգվանքը։ Նա կռացրեց գլուխը, դունչը քսեց արաբուհու ուսերին և տխրագին ու երկար նայեց նրան։ Ես հազիվ այդ խեղճ կնոջը բաժանեցի արաբական ձիուց։

Դուրս եկանք հիպպոդրոմից։ Ես տիկին Շիլդին դրի տաքսիի մեջ։

Արցունքների միջից նա հազիվ շշնջաց.

— Շնորհակալ եմ, բարի գիշեր...

— Բարի գիշե՛ր, Բինտ-Էլ-Թալիբ,— ասացի և փակեցի տաքսիի դռնակը։


4

Մի քանի օր անց՝ տիկին Շիլդը հեռախոսեց ինձ։

— Այս երեկո եկեք մեզ մոտ, ամուսինս ցանկանում է ձեզ ծանոթանալ ավելի մոտիկից,— ասաց տիկին Շիլդը։

— Շատ լավ, կգամ,— պատասխանեցի։