Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/328

Այս էջը հաստատված է

զույգ շոր, մինչև Արաբիա հասնելս,— ասաց արաբուհին,— ամեն ինչ թողել եմ տանը։

Բինտ-Էլ-Թալիբն ուրախությամբ մատանին հանեց իր մատից և դրեց ադամանդի խորամանկ մասնագետի առաջը։ Նա խոշորացույցով դիտեց, կշռեց և ակնոցները հանելով ասաց.

— 1 000 դոլլար, ամիսը 5 դոլլար տոկոսով, կպահեմ միայն 6 ամիս։

— Իսկ եթե ծախելու լինե՞մ,— առաջարկեց արաբուհին։

Խորամանկ վաճառականը նորից ակնոցը դրեց, խոշորացույցով դիտեց, կշռեց, վրայի «սեղանը» չափեց և հարեց.

— 1 500 դոլլար։

— Տվեք, համաձայն եմ,— անմիջապես պատասխանեց Բինտ-Էլ-Թալիբը։

Վաճառականը նորից ակնոցը դրեց, խոշորացույցով դիտեց երկար, կշռեց և ձեռքերը շփելով՝ կասսան բաց արավ և համրեց 1 500 դոլլարը։

Մենք դուրս եկանք լոմբարդից և ուղևորվեցինք նավահանգիստ։ Արաբուհին արդեն վերցրել էր տոմս ֆրանսիական «Լա Տուրին» շոգենավի համար։ Երբ ծովը երևաց, արաբուհու աչքերը փայլատակեցին։ Նա ուրախ էր։ Ինչ-որ հեռավոր պատկերներ էին գծագրվում նրա երևակայության առաջ։

Արցունքի խոշոր կաթիլների մեջ նայեց ինձ արաբուհին և շշնջաց.

— Մնաս բարով...

— Բինտ-Էլ-Թալիբ, ողջունիր իմ կողմից Արևելքին,— ասացի։


* * *

Նավը ճեղքում էր Ատլանտյանի կապույտ ալիքները, և Բինտ-Էլ-Թալիբը թռչում էր դեպի Արևելք։

Այդ ժամին մր. Շիլդը ջայլամի փետուրներ էր ծախում հաճախորդներին Բրոդուեյի իր մեծ խանութում, առանց իմանալու, որ պակասել էր իր ինվենտարից իր ամենաարժեքավոր կարծած «ապրանքը»։