Նրա ատամների վանդակներում ճռվողում էր արաբական լեզուն' ինչպես կանաչ թփերի տակից վազող ջրերը։
Այդ օրվանից ես մնացի այդ տանն ամբողջ երեք տարի, շատ նավեր եկան ու գնացին, բայց դրանցից և ոչ մեկը չկարողացավ գրավել ինձ։
Երեք տարի ես մնացի թուխ և արևի պես այրող կնոջ մոտ։ Կլեոպատրայի մեջքը գալարուն էր, ինչպես Նեղոսի վազքը, նրա ատամների սպիտակությունը և լինդերի կարմրությունը նման էր սպիտակ և կարմիր վարդերի փնջին։ Կլեոպատրան գրկում էր ինձ, ինչպես բոցն է փաթաթվում օջախի մեջ նետված չոր փայտի կտորին։ Ես նրա շրթների մեջ գտա մեղրածոր երջանկությունը։ Երբ առաջին անգամ նա իմ սենյակը մտավ, ես զգացի, որ կյանքս լցվում է, լցվում է այնպես՝ ինչպես լույսն է լցվում սենյակում արևածագին։ Նա սիրում էր ինձ լուռ նայվածքներով, շրթունքներով և հոգով, այդ լռությունը հազարավոր երգերի բովանդակությունն ուներ։ Ամեն օր, երբ իր ամուսնու վերադարձի ժամանակն էր գալիս, հեռանում էր նա ինձանից արցունքոտ աչքերով, աղերսական նայվածքներով։ Գիշերները, մթնում, երբ նա մտնում էր սենյակ, ես զգում էի նրա հոգու ուրախ դողը, կարծես իմ սենյակը մտնում էր մի սիմֆոնիա։
Ասատուրը երկար չշարունակեց, նրա աչքերը մռայլվեցին, գլուխը դարձրեց օջախի շիկացած կրակին և հառաչեց.
— Բայց դու ինչո՞ւ եկար Ամերիկա, այստեղ կանայք այդպես չեն կարող սիրել, այստեղ կանայք չափով և կանոնով են սիրում, այս երկրում շատ երկաթ կա, երկաթի օրենքն է տիրում այստեղ։
— Արև էլ չկա այս երկրում. ո՞ւր է այս երկրի արևը,— մեղմորեն հարցրեց Ասատուրը։
— Արև շատ կա այս երկրում,— պատասխանեցի,— միայն հարմարություն պետք է ունենաս տեսնելու, եթե կարողանաս բարձրաբերձ պատերից ազատվել և գնալ դուրս, քաղաքից դուրս, այնքան արև կգտնես, որքան արաբական ավազուտներում, այս հսկա պատերն են խանգարում արևը։
— Աստղերն էլ քիչ չեն, աստղեր կապույտ երկնքում...