Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/336

Այս էջը հաստատված է

Ասատուրը, ատամները կրճտացնելով, կրկնեց.

— Իմ ճանապարհը հեշտ ճանապարհ է գտնելուց հետո միայն, գտնելն էր դժվար, շուտով դուրս կգամ այս դժվարություններից, կտեսնես,— կրկնեց Ասատուրը։


* * *

Եվ իսկապես, մի քանի օր հետո Ասատուրը տուն եկավ եկեղեցական տարազով, բարձր ցիլինդր գլխին, սափրված, մաքրված և մինչև անգամ ձևերի մեջ որոշ չափով փոխված։

— Սա ի՞նչ է։

— Քարոզիչ դարձա,— պատասխանեց Ասատուրը կտրուկ, ցիլինդրը դնելով սեղանի վրա,— սրանից հետո քարոզելու եմ քրիստոնեություն։

Առանց պատասխանելու ես սկսեցի նայել նրա աչքերի մեջ։ Նրա աչքերի մեջ կուտակվել էր պղտորություն, կորցրել էր Ասատուրը գավառացի միամիտ մարդու աչքերի ամբողջ թովչանքը. նրա նայվածքը նման էր այն վճիտ ջրին, որի մեջ սպիտակ փոշի են խառնում։

— Հավատո՞ւմ ես դու քրիստոնեության,— հարց տվի երկար լռությունից հետո։

— Հավատում եմ ոչ մի բանի,— պատասխանեց Ասատուրը,— միայն հավատում եմ, որ պետք է ապրել առանց մուրացկանության։

— Բայց չէ՞ որ ինձ մոտ էիր ապրում, դա մուրացկանությո՞ւն էր։

— Ոչ, դա մուրացկանություն չէր, երբեք, բայց չէ՞ որ մի օր այլևս ինձ համար անհանդուրժելի պիտի դառնար քո վրա բեռ լինելը։ Պիտի խարդախեմ, պիտի ստեմ, իմ չհավատացած բաներով պիտի ոգևորեմ այս կեղծ ժողովրդին,— եզրակացրեց Ասատուրր։

— Ժողովուրդը մի ամբողջություն չէ, ժողովրդի մեջ շատ խավեր կան, պետք է իրարից զանազանել այդ խավերը։

Մի քանի օրից հետո՝ Ասատուրն ինձ վերադարձրեց այն բոլորը, ինչ ես նրա համար ծախսել էի։ Եկեղեցուց նա մեծ