Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/337

Այս էջը հաստատված է

ավանս էր ստացել։ Փոխադրվեց նա մի նոր բնակարան, բաղնիքով, հյուրասրահով, առանձին ննջասենյակով և առանձին աշխատանոցով։


* * *

Ես երկար ժամանակ չհանդիպեցի Ասատուրին, որովհետև չգնացի նրա եկեղեցին, բայց եկա այն եզրակացության, որ Ասատուրը մղվեց հոգու առևտրի, դարձավ քրիստոնյա եկեղեցու ամենակեղծավոր սպասավորը։

Մի քանի ամիս հետո՝ Ասատուրը հայտնվեց իմ սենյակում։ Նա այնպես էր լավացել, լցվել, առողջ գույն ստացել, որ իմ վրա թողեց ջահել ցուլի տպավորություն. նրա արտաքին տեսքը ամբողջովին արտահայտում էր սեռային մոլուցքը, շրթները ուռած էին, կոպերի մեջ արյուն էին հավաքվել, ամբողջ հագուստը անուշահոտություն էր բուրում, մի անուշահոտություն, որի չափազանցը տղամարդուց, հասնում է զզվելի գարշահոտության։

— Ինչո՞վ ես զբաղված, Ասատուր,— հարցրի մի քանի սովորական խոսքեր փոխանակելուց հետո։

— Սուրբ գրքով և կանանցով,— պատասխանեց Ասատուրը։

— Ի՞նչ կապ այդ երկուսի միջև։

— Հը՛,— ծիծաղեց Ասատուրը,— ուժեղ կապ, քարոզում եմ՝ «սիրեցեք միմյանց», այս երկրի հարուստ կանայք շատ լավ են ըմբռնել այդ խոսքերի իմաստը. նրանք այնքան հարուստ են, որ պարտական են զվարճանալ, շաբաթական մի քանի ժամ քարոզում եմ երկնայինը և ման եմ գալիս տները՝ զբաղվելով երկրային խնդիրներով, երկիրը սիրողները պետք է զբաղվեն երկնքով,— վերջացրեց Ասատուրը։

— Երկրի վրա միայն կանա՞յք կան, ինչ է։

— Այո։

— Ավելի ճիշտ է ասել՝ երկրի վրա կան կովեր և եզներ,— հայտարարեցի զսպված ցասումով։

— Ա՛յ, ճիշտ բնորոշեցիր, ես ստանձնել եմ եզան դերը։