Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/346

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ պետք է անես հիմա,— հարցրի։

— Հիմա արդեն պետք է բազմապատկեմ կեղծավորությունս, հրի նման պիտի արծարծեմ սուտը։

Լռություն։

— Կիրակի,— շարունակեց Ասատուրը,— իմ տպավորություններն եմ հաղորդելու եկեղեցու հավատացյալներին, սուրբ վայրերն եմ նկարագրելու, չէ՞ որ Քրիստոսին մոտիկ եմ եղել։

— Բայց չէ՞ որ դու չկարողացար Պաղեստին գնալ,— բացականչեցի։

— Սսս՜... Այդ միայն քեզ եմ գրել, ես նրանց ասելու եմ, որ գնացել եմ Երուսաղեմ, ման եմ եկել Հորդանանի ափերին, Սողոմոնի տաճարը, Հակոբի ջրհորը, Գեթսեմանիի պարտեզը և այլն, և այլն։

Մի ամբողջ տուփ սուրբ վայրերի բացիկներ եմ բերել հետս, խաչեր և զանազան այլ իրեր։ Եգիպտոսում վաճառում են այդ իրերը։


* * *

Կիրակի օրը ես նրան լսեցի։

«Ով որ մանանեխի հատի չափ հավատք ունենա և լեռան ասի՝ ե՛լ և ծովն ընկիր, լեռը կելնի ու ծովը կընկնի»։

Այսպես սկսեց նա իր քարոզը։

Ո՞վ կհամարձակվեր չունենալ մանանեխի հատիկի չափ հավատք։

Երիտասարդ քարոզիչը բռնեց մարդկային ամենաթույլ ջղերից — ունենալ մանանեխի հատիկի չափ հավատք։

Քարոզի կեսից՝ Ասատուրի ձայնը խորացավ, հնչում էր դողդոջուն, դեմքը այլակերպվեց։ Նա երկար էր նկարագրել սուրբ վայրերը՝ զարմանալի մանրամասնություններով։ Ես կարծեցի, որ Ասատուրը խղճահարվում է, ստի ալիքները խեղդում են նրան, բայց նա շարունակեց.

«...Մի օր ես բարձրացա Գողգոթայի բարձունքը։ Ճշմարիտ քրիստոնյաները բարձրանում են էշերի վրա նստած, որպեսզի չնմանվեն Տիրոջը, ինչպես Պետրոս առաքյալը գլխիվայր խաչվեց, որովհետև արժանի չէր Տիրոջ նմանվելու։