Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/351

Այս էջը հաստատված է

գաղափարի հետ, որ իր որդին պիտի լիներ այդպես կորած-մոլորած մի տղա։ Առանց որևէ լուրջ հիմքի՝ նա կարծում էր, որ եթե ինքը մի զավակ ունենար, այդպես չէր լինի, կլիներ չափազանց աշխույժ, արթուն և ուշիմ։

Ինչո՞ւ։ Ոչ ոք չէր կարող ասել։

Այս ուղղությամբ և այս ոգով Փալանճի Գրիգորը շատ էր խոսում։ Մի օր էլ Թուրվանտա Քորոն, չհամբերելով և արագորեն զայրանալով, ասաց.

— Էսքան տարի անցավ՝ բան մը չկրցար ընել, հազըր օղլան պապասի[1] դարձար, հիմա էլ չե՞ս հավնիր, լեզուդ...

Փալանճի Գրիգորն այս մասին ընդմիշտ լռեց։


Գ

Եվ Թորիկն աճեց։ Ոսկորները մեծղի էին և դիմացկուն, միայն գլուխը, համեմատաբար, փոքր մնաց։

— Ղաֆան շատ պզտլիկ է,— մի օր դիտել տվեց Փալանճի Գրիգորը, թեև վաղուց որոշել էր ոչինչ չասել։

Թուրվանտա Քորոն անպատասխան չթողեց նրան.

— Թո՛ղ պզտլիկ ըլլի, ի՞նչ ընենք, գլխուն վրա ընկո՞ւզ տի կոյրենք։

— Քիչ մը մենծ ըլլի, որ մեջը բան մտնա,— քրթմնջաց Փալանճի Գրիգորը։

Թուրվանտա Քորոն չպատասխանեց թեև, բայց առանձնահատուկ մի նայվածք նետեց Փալանճի Գրիգորի գլխին։

Եվ պատահեց, որ Փալանճի Գրիգորը մի քանի անգամ Թորիկին հետը տարավ ման գալու։ Երբ Փալանճի Գրիգորը մի որևէ մեկի հետ փողոցում խոսակցության էր բռնվում, Թորիկը նրա սրունքը կիսագրկում էր և հանգիստ կանգնում։ Ոչ մի անհամբերություն, կանգնում էր և սպասում՝ մինչև Փալանճի Գրիգորը խոսքը վերջացներ, իսկ Փալանճի Գրիգորի խոսքը հաճախ երկար էր տևում։ Այն աստիճան Թորիկը

  1. Պատրաստի տղայի հայր։