Մի օր էլ, ինչ-որ դիտելիս, մի շուն տոպրակի միջից միսը փախցրեց։ Վազեց ետևից, բայց չկարողացավ բռնել։ Այդ երեկո Փալանճի Գրիգորը մի ապտակ իջեցրեց նրան և ասաց.
— Խելքդ գլուխդ ժողվե, յավրում, փարա ենք տվեր։
Թորիկը լաց եղավ։
— Գրիգոր աղա, ալ չեմ ըներ,— հեկեկաց նա։
Թորիկն այս խոսքը այնպես արտասանեց, այնպիսի խեղճությամբ, այնպես գլուխը կախ և անօգնական տոնով, որ Փալանճի Գրիգորը խղճահարվեց, աչքերը խոնավացան, երեսը շուռ տվեց, որ ցույց չտա արցունքը, բայց Թուրվանտա Քորոն չդիմացավ և Թորիկի հետ միասին կուշտ լաց եղավ։
— Ինչո՞ւ որբին զարկիր, ձեռքդ փրթի,— ասաց Թուրվանտա Քորոն։
Գիշերը, անկողին մտնելիս, Թուրվանաա Քորոն կռնակը դարձրեց Փալանճի Գրիգորին։
— Աղջի՛, Թուրի՛կ, կռնակդ ինչո՞ւ դարձուցիր,— զարմացավ Փալանճի Գրիգորը։
— Էդ ըլ շատ է,— սրտնեղեց Թուրվանտա Քորոն։
— Նորեն ի՞նչ եղավ, լուսինը նո՞ր է։
Երկար լռությունից հետո Փալանճի Գրիգորը մի կերպ հաջողեց կնոջ երեսն իր կողմը դարձնել։
— Որբին վրա ձեռք մի բարձրացներ, էնդի դեմը քուրոջս ի՞նչ պատասխան տի տամ։
— Բան մըն էր՝ էղավ, կնի՛կ, ալ չեմ ըներ,— խոստացավ Փալանճի Գրիգորը։
Քիչ անց՝ Փալանճի Գրիգորը մացառի պես բեղերը քսեց Թուրվանտա Քորոյի երեսին։
— Քունս կտանե, տեղդ պառկիր։
Եվ տիրեց լռության։
Մի բան շատ էր զարմացնում Փալանճի Գրիգորին և Թուրվանաա Քորոյին։ Թորիկի հագուստի այնպիսի տեղն էր մաշվում, որ առհասարակ չպետք է մաշվեր, ուրիշների հագուստի այդ տեղերը երբեք չէին մաշվում։ Թորիկի արմուկը չէր մաշվում, այլ ուսերից մինչև արմուկը։