Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/361

Այս էջը հաստատված է

աղջիկը տուզիմ քըզի համար,— ասաց Թուրվանտա Քորոն։

— Հի՜, հի՜, հի՜...— ծիծաղեց Թորիկը։

Օրը բոլոր խռովահույզ վիճակը ապրեց Թորիկը, գիշերն էլ քուն չմտավ աչքերը, ֆապրիկաթոռի աղջկան մի անգամ տեսել էր, «լուսուկտոր»՝ ինչպես ինքն էր ասում։

Թուրվանտա Քորոն, միամտորեն, երկար բախեց ֆապրիկաթոռենց մեծ դուռը և համառորեն սպասեց։

— Կերևա չլսեցին,— ասում էր մտքում ամեն մի բախելուն։

Բայց հանկարծ լսեց մի քրթմնջոց։

Մի քիչ սպասեց, հետզհետե քրթմնջոցը դիվային թվաց նրան։ Աչքը վեր բարձրացրեց, տեսավ մի գլուխ, որ վայրկենաբար ետ քաշվեց դռան վրայի լուսամուտից, և լսվեց նորից քրթմնջոցը։

Սառը քրտինք պատեց Թուրվանտա Քորոյին։

— Վո՜ւյ գլխուս...

Երանի գետինը ճեղքվեր և մեջը մտներ։ Ոտները շարժվեցին, ուզում էր վազել, որպեսզի շուտ հեռանա, բայց հազիվ իրեն պահում էր ոտների վրա։

Եթե Թուրվանտա Քորոն ետին դառնար, պիտի տեսներ մի քանի գլուխներ, որ դուրս էին ցցվել լուսամուտից և հռհռում էին իր վրա։

Թուրվանտա Քորոն հազիվ առաջին փողոցի անկյունը շրջվեց և հենվեց պատին։

Երբ Թորիկն իմացավ եղելությունը, ասաց.

— Արդեն սրտովս չէր, Թուրիկ մորքոր, դուն որ ըսիր, ալ չուզեցի խոսքդ կոյրիմ։

Թուրվանտա Քորոն, սակայն, չհուսահատվեց, մի քանի օր հետո նորից բռնվեց Թորիկի համար աղջիկ գտնելու եռանդով, բայց այս անգամ մի քիչ ցած իջավ։

— Աղջիկ մի կա, աչքս մտեր է, ամա դուն կուզես չես ուզեր՝ չեմ գիտեր,— ասաց Թուրվանտա Քորոն։

— Ո՞վ է։

— Ենգոյենց Կիրակոս էֆենդիի աղջիկը։