— Պզտլի՞կը,— հարցրեց Թորիկը և զգաց, որ սրտում ինչ-որ թռչուն է թպրտում։
— Չէ՛, մենծը։
— Մենծն էլ գեշ չէ։
Ենգոյենք ընդունեցին Թուրվանտա Քորոյին, բայց այս անգամ ինքը չհամարձակվեց հայտնել, թե ինչու է գնացել, այնքան սառը և հեգնանքով ընդունեցին։ Այստեղ Թուրվանտա Քորոյի համար ավելի դժվար դրություն ստեղծվեց։ Ի՞նչ ասեր, ինչո՞ւ էր գնացել այն տունը, որտեղ կյանքումը ոտը չէր դրել։ Ամբողջ սպիտակեղենը թրջվեց քրտինքից։ Վերջապես ասաց.
— Եկեր իմ՝ խնդրեմ, որ գործ ունենաք, որբ ունեցող կնիկ մի կա, անոր տաք, մեղք է, ձեռքն ըլ իստակ է:
Ենգոյան Կիրակոս էֆենդիի կինը խոստացավ, որ եթե գործ լինի, այդ կնոջը տա։
Թուրվանտա Քորոն շալը քաշեց գլխին և դուրս ելավ։
— Քա՛, խելք որ չընեի, ի՞նչ տըլլեր վիճակս,— եզրակացրեց նա տուն վերադարձին։
Բայց Թորիկը չկարողացավ մտնել մորաքրոջ դրության մեջ։
— Ըսեիր՝ կեփեր,— ասաց նա։
— Էնպես էրեսները կախեցին, ընծոր սև ձիթ քսեին,— առարկեց Թուրվանտա Քորոն։
Հազիվ մի շաբաթ էր անցել, Թուրվանտա Քորոն նոր աղջիկ գտավ։ Այս աղջիկն արդեն ո՛չ ֆաբրիկանտի աղջիկ էր, ո՛չ էլ կալվածատերի, ինչպես Ենգոյանը, այլ միջին վաճառականի։
— Հը՛, Թորիկ, երթամ ուզի՞մ,— հարցրեց Թուրվանտա Քորոն։
— Բերանդ բուրդ չիտան...— կասկածեց Թորիկը։
— Չէ...
Այս անգամ Թուրվանտա Քորոն համարձակվեց ուզել Իգնատ աղայի աղջկան, բայց վերադարձավ խորապես վիրավորված։
— Բերանդ բուրդ տվին, հա՞,— ասաց Թորիկը։
— Էրնեկ բուրդ տային, ուրիշ բան տվին: