Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/365

Այս էջը հաստատված է

աղջիկ, բոլորն էլ սիրուն, ապրում էր վերին աստիճանի արհամարհված արհեստով՝ արտաքնոց մաքրող էր։

— Քեզմե հեչ չէի սպասեր...— ասաց ի վերջո Թուրվանտա Քորոն՝ չծածկելով իր վիրավորված լինելը։

Նրա սրտին դպչել էր, որ հարևանը Աղքատ Ղազարոսի աղջիկն առաջարկեց Թորիկի համար։

— Թուրվանտա Քորո,— սկսեց հարևանը,— էդ ձևերը թող, Աղքատ Ղազարոսին աղջիկները ֆապրիկաթոռին աղջիկներեն ըլ աղվոր են։

— Հրեշտակ են, չըսե՞ս։

— Մի կոտրտվիր, հարս կուզես՝ ատիկից աղեկը չի կա, ամեն տեղ բերանդ բուրդ տվին։

Թուրվանտա Քորոն չպատասխանեց և անզոր հեգնությամբ նայեց նրան։

Նորից լռություն։ Թուրվանտա Քորոն պարզապես սպասում էր, որ հարևանը հեռանա և հեռացավ։

Երեկոյան Թուրվանտա Քորոն Թորիկին պատմեց այս խոսակցությունը։

Թորիկն ասաց.

— Էնքան եղա, որ Աղքատ Ղազարոսին աղջիկը առնիմ։

— Էդ ըսե...


Թ

Բայց ժամանակը թռչում էր։

Թորիկի երազները խռովվում էին սպիտակ մի աղջկա թևերով։ Նրա վերմակն իսկ զգում էր հրդեհված մարմնի ողջ տառապանքը։ Նետում էր Թորիկը վրայից այդ վերմակը, նստում անկողնում, ծխում, անվերջ ծխում։ Թորիկը հետզհետե համոզվեց, որ թող լիներ՝ Աղքատ Ղազարոսի աղջիկը լիներ, բայց Թուրվանտա Քորոն համառեց խոնարհվել Աղքատ Ղազարոսի առաջ։ Ամեն տեղ ասել էր, որ Թորիկին կխեղդի, բայց նրա աղջկան չի բերի իր տունն իբրև հարս։ Թուրվանտա Քորոն չէր զգում երիտասարդ տղայի հուրը։ Ինքն այդ