Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/366

Այս էջը հաստատված է

հրդեհը չէր ապրել։ Հազիվ տասնհինգ տարեկան՝ տվել էին նրան Փալանճի Գրիգորին, առույգ, մեծ բեղերով, ձայնը խռպոտ, աչքերը կարմրած,մի երիտասարդ, որ հրդեհել էր նրան, նախքան իր հրդեհն սկսվելը։

— Որ կախես, Աղքատ Ղազարոսին աղջիկը չեմ ուզի,— հայտարարեց Թուրվանտա Քորոն։

Թորիկը լռում էր։ Ոչ մի տղամարդ ինքը չեր կարգադրել իր ամուսնության խնդիրը, մինչև անգամ եթե սիրահարված էլ լիներ։

Բայց Թուրվանտա Քորոն, երբ տեսավ, որ Թորիկը ջղայնությունից ամաններ էր կոտրատում, մի անգամ բռնեց երեք հավ և վիզները քաշեց, մեկ-մեկ խմում է, պատահում է, որ գիշերները տուն չի գալիս, զիջեց և խոստացավ գնալ ու խոնարհվել Աղքատ Ղազարոսի առաջ։

— Թուրվանտա Քորո,— ասաց արտաքնոց մաքրող Օվակմի կինը,— կարգելու աղջիկ չունենք։

—Քա՛, ի՞նչ կըսես, հինգ աղջիկներդ երեքը շատունց տի կարգեիր...

— Երեքն ըլ նշանվեր են,— պատասխանեց Օվակիմի կինը հպարտությամբ։

Թուրվանտա Քորոն կատակի տվեց.

— Հավը էրածին մեջ կորեկ կտենա։

Օվակիմի կինը տաքացավ.

— Էրածին մեջ կորոկ տենալ չի կա, վաղը մեկալ օրը դուն փախլավաները կտեսնաս։

— Քա՛, վերջնական բան մ’ըսե։

— Վերջնական, Թորիկիդ աղջիկ չունիմ տալու, Թորիկն ի՞նչ տղա է, որ փալանճի, թհո՛ւ...

Թուրվանտա Քորոն գրեթե խոնավ աչքերով դուրս ելավ Աղքատ Ղազարոսի տնից: Զայրույթից և ամոթից ինքն իրեն էր կրծում: Մինչև իրիկուն երկու հարևանի հետ կռվեց, քսան տարի բերանից դուրս չեկած խոսքերն ասաց նրանց:

Հենց հաջորդ օրը Թորիկը բռնեց Աղքատ Ղազարոսին և ասաց.

— Էս քանի մի օրը եկուր, մեր արտաքնոցը մաքրե: