Թորիկը հազիվ բարևն առավ։
— Ի՞նչ է, իշու պես նորեն անկնճներդ կախեր ես։
— Հեչ մի հարցներ։
— Էնպես բան տըսեմ, որ քեֆդ գա։
Թորիկն աչքերը վեր առավ։
— Լսե՞լ ես,— սկսեց ընկերը։
— Ի՞նչ,— հետաքրքրվեց Թորիկը մախաթը ձգելով ձեռից։
— Քաղաքը անառակ կիներ են եկեր...
— Անառակ կինե՞ր...
— Երեք հատ։
Թորիկն ինչ-որ ձայն հանեց։
— Էնպես աղվոր են, լուսո կտորներ...
— Դուն տեսա՞ր...
— Չէ, տեսնողները կըսեն։
Տիրեց լռություն։
Թորիկը չէր կարող պատկերացնել, թե անառակ կինն ինչ տեսակ է լինում, շատ էր լսել, բայց որոշ պատկերացում չէր կարող անել։
— Էս գիշեր երթանք, ծո,— ասաց ընկերը։
Թորիկը տարօրինակ ծիծաղեց՝ ինչպես ոչխարն ուրախությունից պատահի որ ծիծաղի։
— Փարա ունի՞ս,— հարցրեց ընկերը։
— Փարա շատ կա,— հպարտ պատասխանեց Թորիկը։
— Երթանք, ծո։
Թորիկը չպատասխանեց և խեղճ-խեղճ նայեց ընկերոջը:
— Էս գիշեր Աղանիկենց ծառին տակը սպասե, ես ըլ կուգամ, երթանք։
— Ո՞ւր տեղ են։
— Վարի թաղը։
Թորիկը գնաց խանութի ետևի կողմը, իրար վրա դարսված փալանների ետևը և ընկերոջն էլ կանչեց այնտեղ։ Երկուսն էլ մի մի գավաթ օղի խմեցին։
— Օ՜խ, մինչև ոտքիս մատները հասավ,— ասաց ընկերը։