Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/374

Այս էջը հաստատված է

Թորիկը սրտնեղեց.

— Ինչո՞ւ կը ծծղաք, աստծու աղջկան հետ չեմ փոխեր էս աղջիկը։

— Աստծու աղջիկը ո՞վ է, ծո,— հեգնեց ընկերը։

Թորիկը չպատասխանեց և դարձավ աղջկան։ Աղջիկը ժպտաց։ Այդ ժպիտում կար և՛ հաճոյակատարություն, և՛ հեգնություն։ Ուրիշներն էլ, մոտավորապես, այդպես էին ասում։ Բայց Թորիկը նայում էր նրան այրվող աչքերով, շրթունքները դողում էին, ուզում էր մի բան ասել, բայց չէր կարողանում։

Երկար լռությունից հետո՝ Թորիկը շշնջաց աղջկան.

— Անունդ ի՞նչ է։

— Անժել։

— Անժե՞լ։

— Այո։

Թորիկն այսպիսի անուն չէր լսել։

— Աղեկ չի լսեցի,— շշնջաց նա։

— Անժել։

Թորիկի զարմացումն զգալի եղավ աղջկան։ Նա կարծեց, որ Թորիկը չհավատաց իր ասածին։

— Գիտե՞ս ի՛նչ ըսել է Անժել։

— Հի՛, հի՛, հի՛,— ծիծաղեց Թորիկը,— հեչ չեմ լսեր։

— Անժել հրեշտակ ըսել է։

— Հրեշտա՞կ։

— Այո։

— Շիտակ է, թամամ հրեշտակ ես, հիմա հավտացի։

— Ես սուտ չեմ խոսիր։

— Չէ, յավրուս, չէ, հրեշտակները սուտ չեն խոսիր։

Անժելը սեղմվեց Թորիկին։

— Գնամ քըզի համար բան-ման բերիմ, ուտես,— նորից առաջարկեց Թորիկը։

— Ոչ, ոչ։

— Չէ, տի բերիմ,— պնդեց Թորիկը։

— Ոչ, ուրիշ անգամ։

— Ուրիշ անգա՞մ, ալ ի՞նչ ուրիշ անգամ, ես քըզի տի տանիմ մեր տունը։