Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/378

Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ կուլաս,— հարցրեց Թորիկը կոպիտ ձեռքերով շոյելով նրա ոսկեգույն ծամերը։

— Ուրախ եմ, ատոր համար կուլամ,— պատասխանեց Անժելը հեկեկալով։

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար, ասկե ետքը ալ մի լար, քանի ես սաղ իմ, աչքերդ արցունք չպիտի տեսնան։

Թուրվանտա Քորոն ներս մտավ, տեսավ Անժելի լացը և նայելով Թորիկին՝ կշտամբեց։

— Բան-մա՞ն ըսիր աղջկան։

— Չէ, Թուրիկ մորքոր, բան չըսի, կրսե՝ «ուրախ եմ, ատոր համար կուլամ»։

Թուրվանտա Քորոն մոտեցավ Անժելին, գրկեց նրա գլուխը, սեղմեց կրծքին և ասաց.

— Մի՛ լար, ձագուկս, մի՛ լար, կերևա որբ ես, Թորիկս ըլ որբ էր, ես անոր մեր եղա, քըզի՜ըլ կըլլիմ։

Եվ կես-գիշերից հետո՝ Թորիկը և Անժելը կերան պանիր-հացը, խաշած ձուն, մածունը, կանաչեղենը, իսկ Թուրվանտա Քորոն, նրանց դիմացը նստած, ձեռքերը ծալած փորի վրա, նայում էր Անժելին հիացմունքով և մայրական գորովանքով։

— Թուրիկ մորքորիս պես աշխըրքի մեջ երկուք չի կա, մեկ հատիկ է,— ասաց Թորիկը։

— Այդպես կերևի,— արձագանքեց Անժելը, նայելով Թուրվանտա Քորոյին և ժպտալով հակինթյա շողերով։

Ապա Թուրվանտա Քորոն վեր կացավ, Թորիկի անկողնի սպիտակեղենները փոխեց, իր անկողինը տարավ մյուս սենյակը, վերադարձավ, հավաքեց սեղանը և ասաց.

— Թորիկ, օղուլ, հրեշտակդ խոնջացած կերևա, պառկեք։

— Հա, հրեշտակս հոգնած է։

Քիչ անց Թորիկը ճրագը մարեց, մթնում լսվեց կանացի շորերի շրշյուն, որից Թորիկը հազիվ կարողացավ բռնել սրտից դուրս փախչող թռչունը։