Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/380

Այս էջը հաստատված է

Անժելը զարթնեց, դուրս եկավ և տեսավ Թուրվանտա Քորոյին և Թորիկին միջանցքում նստած՝ տխուր և մռայլ։ Նա վազեց, գրկեց Թորիկի գլուխը։ Թուրվանտա Քորոն խեթ նայեց Անժելին, բայց Թորիկը գրկեց կնոջը, բարձրացրեց, դրեց ուսին և սկսեց ման ածել միջանցքում։

— Գիտես քի թռչուն է, էնպես թեթև է։

Անժելը ցատկեց Թորիկի ուսից, մոտեցավ Թուրվանտա Քորոյին, գլուխը դրեց նրա կրծքին և շշնջաց.

— Թուրիկ մայրիկ, դուն Թորիկին մորաքույրն ես, բայց իմ մայրիկն ես։

Այդ խոսքն ազդեց Թուրվանտա Քորոյին, համբուրեց նա Անժելին, բայց ոչինչ չկարողացավ ասել։

Քիչ անց՝ Թորիկը և Անժելը, երբ հալվան կերան, վերջացրին, Թորիկն ասաց.

— Երթանք, պսակվինք։

Անժելը լուռ հետևեց Թորիկին։

— Վկայական հարկավոր է, օրհնած,— ասաց տերտերը։

— Աման, տերտեր պապա, բարակները մ'երթար,— ասաց Թորիկը և մի մեջիտիե դրեց նրա ափի մեջ։

...և եղիցին երկոքյան մի մարմին և մի հոգի...— կարդաց տերտերը։

— Մեկ մարմին և մեկ հոգի, իշտե շիտակ է,— բացականչեց Թորիկը, իսկ Անժելը լռությամբ և երկյուղածությամբ համբուրեց արծաթյա խաչը։

Երբ վերադարձան տուն, Թուրվանտա Քորոն ասաց Թորիկին.

— Քա՛, օրհարսակ է, խանութ չպիտի՞ երթաս։

— Չէ, չպիտի երթամ,— պատասխանեց Թորիկը և կարոտագին նայեց Անժելին։

— Խանութեդ ետ մի մնար,— ասաց Անժելն ընկերական տոնով։

— Յա դո՞ւն։

— Թուրիկ մայրիկին կօգնեմ՝ մինչև դուն գաս։

— Ուրիշ տեղ չե՞ս երթար,— հարցրեց Թորիկը սրտի խոր վախով։