Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/386

Այս էջը հաստատված է

չունի թշնամի։ Մինչև անգամ մի կին շշնջաց կնոջ ականջին.

— Կնիկ ասածդ թող աղվոր ըլլի, անառակ ըլլի, քնծոր մենք ըլ կնիկ ենք, թհո՛ւ...

Թուրվանտա Քորոն ինքը քանդեց Անժելի ոսկեգույն ծամերը, որ թափվեցին նրա մարմարյա ուսերի վրա, կարծես արևը փաթաթվեց նրան։ Երբ Թուրվանտա Քորոն տեսավ, որ բոլորն էլ իր հարսին են նայում, գաղտնի կմշտեց նրա փափուկ տեղը։ Անժելը չհասկացավ այդ։ Երբ մտան բաղնիքի ներքնակողմը, Անժելը հարցրեց.

— Թուրիկ մայրիկ, ինչո՞ւ կսմթեցիր։

— Կսմթեցի, որ աչք չի տան, ձագուկս,— պատասխանեց Թուրիկ մայրիկը։

Անժելը ժպտաց նրա միամտության վրա։

Երբ նրանք մեկնեցին, Թորիկն ուղիղ գնաց շուկայի հրապարակը, մոտեցավ մի ծանոթ կառապանի և հարցրեց.

— Թուրիկ մորքորս կճանչնա՞ս։

— Թուրիկ մորքուրը ո՞վ չի ճանչնար։

— Փայթոնդ կտանես Հաջի Տուրսունին բաղնիքը, դուռին առաջը կկենաս՝ մինչև Թուրիկ մորքորս ու կինս դուրս ելլան, կնստեցնես, տուն կտանես, հայդե, էվել էվելոք կը վճարեմ։

Կառապանը սանձերը շարժեց, և ձիերը թռան։

Բաղնիսից դուրս եկողները տեսան, որ Թուրվանտա Քորոն և Անժելը կառք նստան։ Մի չարամիտ կին, որի երկու աղջիկները տանն էին մնացել, մրթմրթաց հայհոյական խոսքեր։

Եվ սև քողի տակ նրա դեմքը դեղնեց նախանձից։

Թուրվանտա Քորոն կառքում, գլուխը հպարտորեն բարձր բռնած, ուզում էր, որ ամեն մարդ տեսնա իրեն։

Թորիկը, առաջին անգամ իր կյանքում, տանը թեյ էր պատրաստել, շուկայից կարմրած հավ էր բերել, բերել էր կանաչեղեն և Անժելի համար նոր զգեստ։

Երբ Թուրվանտա Քորոն ու Անժելը կառքից իջան և մտան փոքրիկ տունը, որի դռան առաջ առաջին անգամն էր կառք կանգ առնում, Թորիկը դուրս ելավ, վճարեց կառապանին,