Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/399

Այս էջը հաստատված է

ցատկելով և շաբաթ օրվան ճառեն բառեր արտասանելով։

Արտասանության ատեն, համենայն դեպս, սուր քաշելու ձևը փորձեց աջող կերպով առանց․․․ սուր ունենալու։

Բուրբոն բարձրացավ վարժարանի բարձրագույն դասընթացքը երբ տակավին տասնևվեց տարեկան էր։ Անիկա ճարտասանության մեջ ցույց տվավ արտակարգ կարողություն, գրեթե չտեսնված տաղանդ մը Կոլեջի տարեգրության մեջ։ Շնորհիվ իր ճարտասանական բնատուր տաղանդին՝ անիկա երևութական կարողություն ցույց տվավ նաև լեզուներու մեջ, իսկ մնացյալ դասերը կանցներ ու չէր անցներ։

Կոլեջական մթնոլորտը, սակայն, հեղաշրջեց Բուրբոնի հիմնական երազները։ Կամաց-կամաց անիկա մոռցավ սուրերը, հաղթությունները, բայց միշտ պահելով իր ասպետական․․․ ձևերը։ Բուրբոնի հոգին սկսավ տանջվիլ տիտղոսներու համար։ Դժբախտաբար Բուրբոնի միտքը օգնության չէր հասներ անոր հոգեկան թռիչքներուն։

— Ի՞նչ կոչվիլ, հարց կուտար ինքնիրեն, դոկտո՞ր թե պրոֆեսոր։

Օրվա դասերը լրացնելե հետո՝ երկար և առանձին՝ պտույտներ կըներ Կոլեջի պտույտի ճամփուն վրա և անդադար կը մտածեր — դոկտո՞ր թե պրոֆեսոր։ Շատ անգամ ուսուցիչներ և ուսանողներ կը տեսնեին զինքը, որ աչքին կապույտ monocle մը անցուցած, մազերու գանգուրները սանտրած ջրով, որ արևուն տակ կը փայլեին, ընդունելու և մերժելու շարժումներ կըներ, որոնցմե միայն երբեմն լսելի կըլլային — այո՛․․․ ո՛չ․․․ պիտի ըլլա՛մ․․․ պիտի երթա՛մ․․․ ես մե՛ծ եմ․․․— բառերը։

Բոլորը միամտորեն կը կարծեին, որ Բուրբոնը ճառ կպատրաստեր։ Ոչ. անիկա ճառը կարտասաներ արդեն։

Բուրբոն, ինկած ձևերու և փառասիրությանը հետևե, ժամանակ չունենալով գիտական հմտություններ ամբարելու իր այնքան պարապություն հորանջող գանկին մեջ՝ դարձավ բացականչությանց և պլաստիկ ձևերու խրտվիլակ մը։ Իր ճառած ատեն բառերը բերնեն դուրս կխուժանավարեին