Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/4

Այս էջը հաստատված է

Վահան Թոթովենցը վաղ աչք բաց արեց կյանքի սոցիալական և ազգային անհավասարությունների և չարիքների հանդեպ։ Նրա հենց առաջին գործերում իսկ նկատվում է հեղինակի ազատասիրական և դեմոկրատական խառնվածքը, ընդվզումը բռնության դեմ, ազատության ձգտումը և բնության առողջ ընկալումը։

Դեռևս 1908 թվին լույս ընծայած «Ավերակ» խորագրով գրքույկում տալով սուլթանական բանտում շղթայված հայ կալանավորի խոհերն ու մտորումները՝ Թոթովենցը գրում է,— Ի՞նչ օգուտ երկաթե պատուհաններ և շղթաներ, ի՞նչ օգուտ ծեծ ու կշտամբանք, ի՞նչ ըրած էր խեղճ ու նիհար մարմինս, չէ՞ որ սի՛րտս առյուծի դերը կկատարե և սիրտս չի կրնար շղթայվիլ և արգելվիլ երբեք, անոթի վագրի մը պատկերն է ան, ուտել կուզե, լափել կուզե ընկերային անհավասարությունները, անիրավությունները...» Կյանքի «ընկերային անհավասարությունների և անիրավությունների» դեմ այս ընդվզումը, որ կարմիր թելի պես անցնում է Թոթովենցի ստեղծագործությունների միջով, նրան հանգեցրին այն տրամաբանական եզրակացության, թե միայն սոցիալական հեղաշրջման միջոցով այդ ամենը վերջ կգտնեն։ Եվ Թոթովենցը առաջիններից մեկն եղավ այն երիտասարդ մտավորականներից, որոնք առանց վերապահության կանգնեցին Մեծ Հոկտեմբերի դիրքերի վրա և իրենց տաղանդն ու ազնիվ գրիչը նվիրեցին սովետահայ գրականության հաստատման և ծաղկման գործին։

Վահան Թոթովենցի ստեղծագործական ճանապարհի, նրա՝ սովետական դիրքերի վրա անցնելու տեսակետից հատկանշական է 1918 թվին գրված «Դոկտոր Բուրբոնյանը», որ նախապես ունեցել է «Հայաստանի Դոն-Քիշոտը» խորագիրը։ Այդ երկում ծաղրված են ազգային «հեղափոխական» այն գործիչները, որոնք հավակնություն ունեին ղեկավարելու հայ ժողովրդի ազատագրությունը և որոնց «գործունեությունը» այնքան աղետներ բերեց հայ ժողովրդի գլխին։ Վեպի հերոսի ճառասության մոլուցքը աղետավոր չափերի է հասնում... նա խելագարվում է։ Այդ հայ Դոն-քիշոտների, Բուրբոնյանների հակաժողովրդական գործունեության ժխտումը Թոթովենցին տանում է դեպի ռևոլյուցիայի իսկական շարժիչ ուժերը, դեպի այն գործիչներն ու աշխատավորական զանգվածները, որոնց նա լայն ծավալով նկարագրում է իր «Բաքու» պատմա-ռևոլյուցիոն եռահատոր վեպում։ 1930-ական թվականներին գրված այդ վեպը ջերմ ընդունելության արժանացավ և գնահատվեց։ Այդ վեպով Թոթովենցն անցավ սովետահայ գրականության ամենաաոաջավոր դիրքերի վրա։

Վահան Թոթովենցի անցումը ռևոլյուցիայի դիրքերը, Սովետական Հայաստանի նոր գրականության հաստատման դիրքերը՝ բնականոն էր և բխում էր նրա ստեղծագործական խառնվածքից։ Նա տեսել էր և՛ եվրոպական գովաբանված դեմոկրատիան, և՛ Նոր Աշխարհի «ազատության» բուն էությունը և խորապես համոզվել, որ դրանք շատ հեռու են իր երազանքից և դավանանքից։ Իր «Հրկիզված թղթեր» վիպակում Թոթովենցը նկարագրում