Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/402

Այս էջը հաստատված է

Սիրանուշ Կոլեջին աղջկանց հարկաբաժնի մեջ ամենեն գեղեցիկ աղջիկն էր։

Ահա այն նամակը, որ Բուրբոն ուղարկեց Սիրանուշի, առանց մտածելու անոր հետևանքներու մասին։

Օրիորդ Սիրանուշ,
Մեծափարթամ գեղեցկուհի,
Ստացա ձեր նամակը, որով սեր կը հայտնեիք իմ հանդեպ: Կընդունիմ որ ես ալ գեղեցիկ եմ և ձեզի հարմար, բայց դժբախտաբար չպիտի կրնայի ձեր բոցավառ սիրույն դրականորեն պատասխանել: Ես, որոշ պատճառներով ստիպված եմ ոտքի տակ տալ բնության անհաղթելի և ամենազոր հզորությունը և մերժել ձեր աղերսանքները: Իմ մեջ եռացող ազնվական արյունը չի կրնար զոհ ըլլալ փոքր նպատակներու, որովհետև ես կոչված եմ կյանքի մեջ մեծ գործեր տանելու:
Անհուն վշտակրությամբ
ԲՈՒՐԲՈՆ

Այս նամակը ստանալուն Սիրանուշի գլուխը սկսավ պտույտ գալ, շփոթեցավ, ձեռքերը զարկավ ճակատին և չկրցավ եզրակացության մը գալ։ Առաջին անգամ կարծեց զոհ ըլլալ թյուրիմացության մը, բայց ծրարին վրա կարդաց իր անունն ու ազգանունը, հետո մեջտեղն էր այն իրողությունը, որ նամակը տրված էր քրոջը։ Թյուրիմացություն չկար։ Բավական մտածելե հետո՝ որոշեց նամակը տանիլ և հանձնել Միս Տենեսին։

Միս Տենես Կոլեջի աղջկանց բաժնի պառավ տեսչսւհին էր և սարսափելի տեսակեն տղամարդատյաց մը՝ ինչպես ծերացած կույսերը կըլլան։

— Բայց ձեր սիրո արտահայտության պատասխանն է այս նամակը, օրիորդ Սիրանուշ, ըսավ առաջին առիթով Միս Տենես նամակի ընթերցումեն հետո, խոժոռ, բարկացած և ատելությամբ լեցված պառավի աչքերով։

— Ես որևէ նամակ չեմ գրած և որևէ սիրո մասին ալ չեմ մտածած, Միս Տենես, պատասխանեց Սիրանուշ և սկսավ դառնորեն արտասվել։

Միս Տենես պահ մը լռեց, ապա հարցումներ ըրավ թե ո՞վ բերավ, ե՞րբ, ինչպե՞ս, ապա նայեցավ ծրարին վրա և տեսնելով, որ նամակը ուղղված էր ճիշտ ու ճիշտ Սիրանուշին՝