Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/404

Այս էջը հաստատված է

ունենալ, որովհետև հաստատ համոզված էր, որ Սիրանուշ կը ստեր պարզապես։

— Գացեք, պ. Բուրբոն, պատասխանեց տարօրինակ շեշտով մը օր. Տենես ինքզինքը գտնելե հետո։

Բուրբոն ելավ սենյակեն դուրս, միշտ քիթը դեպի երկինք և քալեց փողոց։

Բուրբոնի երևակայության մեջ թանձրացյալ կերպով գոյություն ուներ այդ սերը։ Անիկա ընդունած էր այդ սերը, մերժած, տառապած, գիշերներ անքուն անցուցած։ Վատ նպատակ մը չուներ Բուրբոն։ Երևակայած էր, ուրեմն իրական էր։

Երևակայությունը Բուրբոնի ներքին բովանդակությունն էր։ Համաձայն Դեկարտի փիլիսոփայական հայտարարության թե՝ «Քանի որ կը խորհիմ՝ գոյություն ունիմ», Բուրբոն պիտի հայտարարեր. «Քանի որ կերևակայեմ, կը գործեմ»։

Երևակայությունը իր աներևակայելի ոլորտին մեջ, ահա Բուրբոնի ապրումներուն ամենեն իրական պատկերը։ Անիկա քաղաքի փողոցներուն մեջ քալած ժամանակ կերևակայեր, որ ունկնդիրներու ամբոխ մը կսպասեր իր ճառախոսության, կը լսեր որոտընդոստ ծափեր, պատուհաններեն ծաղիկներ կը թափեին իր վրա, և ինք ոգևորված և տեղի տալով ամբոխի պահանջին՝ կը կենար փողոցի մեջտեղը, հպարտությամբ շուրջը կը դիտեր, ծնոտը կուղղեր երկնքին, լուռ ճառախոսություն մը կըներ հռետորական շարժումներով և ապա կը շարունակեր իր ճանապարհը։ Զինք տեսնողները ամեն տեղ և միշտ կըսեին. «Ճառ կը պատրաստե»։ Բայց միամիտները չէին գիտեր որ Բուրբոն ճառ չէր պատրաստեր, այլ ճառ կարտասաներ իրենց՝ զինք տեսնողներուն։

Մեկ քանի օր հետո օր. Տենես խնդրեց պ. Բուրբոնին Միրանուշի գրած նամակը բերել, բայց Բուրբոն շատ փնտրեց իր թուղթերուն մեջ, գրքերու և թերթերու մեջտեղերը և հակառակ իր անկեղծ... ցանկության, Սիրանուշի «նամակը» չկրցավ գտնել և հայտնեց, որ կորսնցուցած է։ Կոլեջի քրիստոնյա տեսչությունը վռնդեց Սիրանուշը վարժարանեն «անբարոյական արարքի մեջ գտնված ըլլալուն» համար։