Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/409

Այս էջը հաստատված է

պարոնները, թվով 7 հոգի, որոնք արտասանեցին իրենց ճառերը մեջ ընդ մեջ թրքերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով։ Երբ յոթ ճառախոսներն ալ վերջացուցին իրենց ճառերը և իրենց բարեկամներեն կանխորոշված ծաղկեփունջերը ստացան՝ Բուրբոն ահավոր անհանգստության մեջ էր, սպասելով... ցույցին։ Երբ Կոլեջի նախագահը կը պատրաստվեր վկայականները բաժնելու կոպիտ մարդու մը ձայնը լսելի եղավ, որ կը պոռար.

— Պր. Բուրբոնը պետք է խոսի, մենք Բուրբոնին ճառը կուզենք։

Այդ կոպիտ ձայնին հետևեցան հարյուրե ավելի ձայներ։ Տիրեց ընդհանուր շփոթ, իրարանցում, աղմուկ, շարժումներ, կանչվռտուք։ Կոլեջի ֆակուլտեն, որ բեմի մոտը տեղ էր բռնած, մատնվեցավ ապշության, բայց հանկարծ հասարակությունը լռեց, որովհետև Բուրբոն արդեն ցատկած էր բեմը և կը... ճառեր։

— Հանդիսականներ, կաղաղակեր անիկա, այսպես է տիեզերական պատմությունը, արդարություն, գիտություն, միշտ գիտություն Արարչին հետ և Արարիչն ալ մարդուն հետ միշտ հաշտ, ուրեմն կեցցե՛ գեղարվեստը և գեղարվեստի հանճարեղ ներկայացուցիչներ Դարվին և Լութեր (ծափեր)։ Եվ օր մըն ալ աստված խոսեցավ և ըսավ մարդուն. «Դուն պիտի ըլլաս աստված, եթե ինծի չափ խելք ունենաս», հետևաբար, պետք է ունենալ խելք, միտք, ուղեղ և իմացականություն, ով այս բոլորեն չունի՝ չի կրնար աստված ըլլալ։

Բուրբոն ճառախոսած ժամանակ վեր-վեր կը ցատկեր, բազուկները բացած, կը նայեր առաստաղին, մազերը թափած իր ճակատին վրա, երբեմն մեջբերումներ կըներ Դուրյանի բանաստեղծություններեն.

«Փշրե խոկն հսկա, Աստված ոխերիմ»։

Բուրբոն թերևս այսպիսի ճառ արտասանելու որոշում տված չէր մինչև անգամ... ապագային։ Դուրյանեն կը ցատկեր Բայրնին «Roll thou ocean roll», կարտասաներ ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով։ Իր ըսածներուն շեշտ և ուժգնություն տալու համար կը հայտարարեր. «Այսպես կը