Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/412

Այս էջը հաստատված է

Բուրբոն երկարորեն Սիրանուշի նամակը փնտրեց Խարբերդեն բերած իր նամակներուն մեջ, դժբախտաբար չգտավ։

Օր մը, երբ իր սենյակին լուսամուտին առջև նստած էր, սուրիացի աղջիկ մը երևցավ դիմացի պատուհանին մեջ։ Բուրբոն խռովվեցավ, հուզվեցավ, կարմրեցավ, տժգունեցավ, սենյակին մեջ գնաց և եկավ և զգաց, որ... կը սիրե։

Գիշերը հայելիին դեմ կանգնած՝ վեր առավ թևերը, օդը սեղմեց իր կրծքին, սիրո երդումի երկար ճառ մը արտասանեց։

Այս ճառեն հետո անիկա արդեն բուռն կերպով սիրահարած էր։ Կը սիրեր մեկը, որ գեղեցիկ էր Բեատրիչի պես, որ զինք կառաջնորդեր լուսեղեն ոլորտներ, ուր կունկնդրեր երկնային նվագներու։

Բայց ի՞նչ էր սուրիացի գեղեցիկ աղջկան անունը — չէր գիտեր։ Եթե հարցներ, այդ կըլլար իրական, բայց Բուրբոն պետք էր երևակայեր, որպեսզի իրական դառնար։

Հանիֆե... այսպես երևակայեց սուրիացի աղջկան անունը։

Բուրբոն պատրաստ էր զոհվելու Հանիֆեի համար։

Մեկ քանի օր հետո երևակայեց, որ իր սիրուհին կակնկալեր իրմե սիրո համար ծովը նետվիլ։ Գնաց ծովեզերք, որոշեց անմիջապես ինքզինք հանձնել ծովի անգութ ալիքներուն, բայց վերջին րոպեին մտածեց, որ գեթ վերջին անգամ պետք էր տեսնել Հանիֆեն և ապա... մեռնիլ։

— Ո՛չ, ո՛չ, պետք է վերջին անգամ տեսնել, աղաղակեց ինքնիրեն և վերադարձավ ծովեզրեն դեպի սենյակը։

— Հավիտյան, հավիտյան հավատարիմ կը մնամ քեզ, կը փոխեմ ծովերու և գետերու ընթացքը, եթե այդպես կամենաս, ո՜վ Հանիֆե, կը մռլտար ինքնիրեն կեսգիշերեն հետո։

Օր մը, երբ իր առանձնասենյակին պարտեզի կողմի լուսամուտը նստած վերջալույսը կը դիտեր՝ սկսավ թևի հանդիսավոր շարժումներ ընել, կարծես մեկու մը հետ խոսակցության մեջ էր։ Երբ բավական մթնեց և լուսինն ալ կորսվեցավ ամպին ետև՝ ճրագ վառեց և իր այդ օրվան օրագրության մեջ արձանագրեց հետևյալը.