Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/416

Այս էջը հաստատված է

վեց ամսվան բժշկական ուսանող էր, բայց արդեն տունը գրած նամակներուն մեջ «Ես, ձեր որդին, կամ ձեր եղբայրը՝ դոկտոր Բուրբոնյան» կստորագրեր:

Սարգիս Սավարյան ուսանողական կոմիտե մը ընտրեց, որ կոչվեցավ — Ջրաքաղաքի Կոհակ Կոմիտե։

Երեք օր հետո Սարգիս Սավարյան գնաց ֆրանսական հյուպատոսարանը, անկից Ժընևեն ստացված «Հեղափոխական» հրատարակությունները առավ և բերավ հանձնեց Ջրաքաղաքի «Կոհակ» կոմիտեին և ինքը մյուս օրը մեկնեցավ դեպի Կիլիկյան ափեր միևնույն ոգին տարածելու համար, ուր հայ հեղափոխության նվիրված մյուս կուսակցությունները արդեն կենտրոնացուցած էին իրենց ուժերը:

Սարգիս Սավարյան շատ խոր տպավորություն ստացավ հայ ուսանողությունեն, բայց Բուրբոնյանը գամված մնաց իր մտքին մեջ իբրև իր կուսակցության «տիպիկ» շրջուն պրոպագանդիստ:

— Ամենահարմար տիպն է դա, կը մտածեր Սավարյան, պիտի գործածել դրան:

Սարգիս Սավարյանի առաքելությունը Բուրբոնի երևակայության մեջ ստեղծեց նոր փոթորիկներ:

Բուրբոնը կը շարունակեր սիրել իդեալական սիրով, բայց Սավարյան ազդարարած էր, որ ուսանողները պետք էին հրաժարիլ աշխարհիկ կյանքե, մեկդի թողուլ կյանքի բովանդակ կրակը, երիտասարդության խոլական խաղերը և նվիրվիլ աստվածային ոգևորությամբ հեղափոխության փշոտ ճանապարհին:

— Պիտի ապրել հոգեկան աշխարհում, հայտարարած էր Սավարյան:

Համաձայն ամենատարրական տրամաբանության՝ Հանիֆեի սերը որևէ կապ չուներ աշխարհիկ կյանքի հետ և Սավարյանի «աշխարհիկ» դարձվածքը չպիտի խանգարեր մեր Բուրբոնի ultra-պլատոնական սերը: Ատիկա այդպես էր համաձայն... տրամաբանության, բայց Բուրբոնը չէր տրամաբաներ — Բուրբոնը կ'երևակայեր, հետևաբար կը գործեր, անիկա կյանքի ամենեն իրական սահմանին մեջ էր: Անիկա ուրեմն կը վայելեր. աշխարհիկ սեր, կը գրկեր և կը սեղմեր