Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/419

Այս էջը հաստատված է

Ամառվան արձակուրդեն քանի մ'օր առաջ Ջրաքաղաքի «Կոհակ» կոմիտեն գաղտնագիր նամակ ստացած էր ընկեր Սավարյանեն, որուն համար ուսանողները ժողով ունեցան։ Մեկ քանի հոգիներ իրարու քով եկան և սկսան գաղտնագիրը հեգել և դասավորել կարդալու համար Ժողովին առջև, որ ատեն դոկտ. Բուրբոնյանը սենյակին մեջ անհանգիստ պտույտներ կըներ ծանրակշիռ լուր մը լսելու կանխահոգությամբ։

— Կը զարնեն, կը թալանեն, կը սպանեն, ազատորեն ոճիրներ կը գործվին, ես անոնց կը սովրեցնեմ, ես կը նվիրվիմ անոնց ազատագրության, կը խոսեր ինքնիրեն դոկտ. Բուրբոնյանը։

— Ահավասիկ, պոռաց ուսանողներեն մեկը, որ ժողովի քարտուղարն էր և սկսավ կարդալ. «Սիրելի ընկերներ, նոր ուխտի զինվորներ, ես գրում եմ ձեզ այս նամակը Հայաստանի «Ժայռ» ռայոնից, ուր ես բաց եմ արել գործունեության նոր ասպարեզ։ Ողջ հայ տառապած ժողովուրդը ձեր օգնությանն է սպասում, դուք պիտի լինիք հեղափոխության և հայրենիքի աղը։ Պիտի ստեղծել ժողովուրդին մեջ հեղափոխական տենդենցներ։ Ես առաջարկում եմ «Կոհակ» կոմիտեիդ արձակուրդի առաջին իսկ օրից ընկեր Բուրբոնյանը ճամփա հանել դեպի Հայաստան, բոլոր գյուղերում ու քաղաքներում քարոզելու հեղափոխություն։ Իր հետ միք մոռանա տալ «Դրոշակ»-ի հրատարակություններից, որ ստացել էիք իմ միջոցով Ժընևից։ Պրոպագանդան պիտի լինի խիստ գաղտնի ընկեր Բուրբոնյանի կողմից։ Մաղթում եմ ձեզ եռանդ և ընկեր Բուրբոնյանին՝ անսահման անձնազոհություն, համբուրելով ձեր հեղափոխականի անբիծ ճակատները։ Լռակյաց։

Նամակի ընթերցումը լրանալեն անմիջապես հետո՝ ընկեր Բուրբոնյանը ցատկեց ոտքի և կոխոտելով իր հեղափոխականի ոտքերուն տակ Հանիֆեն ու կյանքի բոլոր վայելքները, սկսավ ոգևորիչ ճառ մը ըսել։ Անիկա փրփրած և կատաղած էր։

— Կեցե՛ք բարով, ընկեր ուսանողներ, ըսավ անիկա,