Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/421

Այս էջը հաստատված է

տված էր նվիրվիլ և զոհվիլ հայրենիքին համար և կին մը երբեք արգելք չպիտի ըլլար իր հեղափոխական քայլերուն։ Անիկա առանց տատամսելու, հպարտորեն և վեհորեն թողուց խեղճ, սիրավառ Հանիֆեն ամայի փողոցին մեջ և եկավ տուն մեկ քանի օրեն մեկնելու համար դեպի՜... հեղափոխություն։

Բուրբոնյան արաբական ձի մը գնեց և ճամփա ինկավ դեպի Հալեպ։ Անիկա հագված էր արաբ ձիավորի նման։ Առաջին օրեն իսկ անիկա սկսավ մտածել կարևոր բանի մը մասին։ Այդ բանը դարձավ հոգեկան տանջանք իր համար։ Ջրաքաղաքի «Կոհակ» կոմիտեն իրեն պատվիրած էր հեղափոխական քարոզչությունը տանիլ խիստ գաղտնի, տված էին անոր հեղափոխական արվեստի բոլոր նրբությունները,— ինչպես պետք էր մտնել քաղաք, ինչպես պետք էր ծանոթանալ հեղափոխական տիպերու հետ, բայց Բուրբոնյանը անոնցմե և ոչ մեկուն կարևորություն չտվավ։ Նոր հեղափոխականին տանջանքը այն էր, որ քարոզչությունը պիտի տարվեր խիստ գաղտնի, ուրեմն անիկա զրկված էր․․․ ճառախոսութենե։

Եթե մեկը ըլլար, որ իր ճառախոսությունը սաստեր և կասեցներ զայն, գեթ ինք կրնար երբեմն-երբեմն սկսիլ և մեկ քանի վայրկյան վայելչորեն... ճառախոսել։

Ճանապարհին ձիուն վրայեն ամայի արահետներու մեջ բավական գոհացում տվավ իր տոչորող մարմաջին, ճառախոսելով համարձակ և հեղափոխականացնելով․․․ լեռներն ու ձորերը։ Հանկարծ ուրիշ միտք մը սկսավ տանջել զինք, որ տիպար հեղափոխական ըլլալու համար պետք էր բանտ մտնել քեռիներու, երկաթներու, փինթի մինասներու, սյունկի ավետիսներու, ջան-թասներու, դժոխքներու, նժդեհներու պես։ Առանց այդ բանտային արկածի ինք չէր կրնար ըլլալ հեղափոխական հերոս, հետևաբար որոշեց սարսափելի քայլեր առնել փութացնելու համար արկածը, որուն ետևեն պիտի հասներ փառքը և հեղափոխական մեծ վայելչությունը։

Երբ անիկա մոտեցավ Հալեպին, արդեն ինքզինք կը զգար հոգնած և աշխատանքի ծանրության տակ ընկճված․.. Ձին կապեց ծառի մը և ստվերին տակ ընկողմանեցավ հանգստանալու։ Երկու ժամվա մրափե մը հետո, որ ատեն զառանցանքներ